Իմ մասնագիտական ուղին կերտելու գործում մեծ դեր ունի «Էրեբունի–Երևան»-ը. Լուսինե Փիրոյան
ОбществоՀաղորդավարուհի Լուսինե Փիրոյանը մանուկ հասակում երազել է լինել «Էրեբունի–Երևան» տոնակատարության մի մասնիկը, ներկայացման մեջ վազող երեխաներից մեկը, և տարիներ անց, որպես հաղորդավար, նա սկսեց մասնակցել այդ տոնին:
Լուսինեի հետ զրուցեցինք երազանքի իրականացման և «Էրեբունի–Երևան» տոնակատարության մասին:
-Երևանն ի՞ նչ դեր ու կարևորություն ունի քո կյանքում:
-Երևանը իմ անափ սերն է, իմ հույսերի ու հույզերի բնօրրանը, որի մասին խոսելու ու նրա իրական հմայքը նկարագրելու համար մի ամբողջ կյանքն էլ կարող է չբավել: Երևանից հեռու անգամ 1 շաբաթն է ինձ թվում տարի: Անասելի մի կարոտ սկսում է խեղդել կոկորդս, շունչս կտրվում է, կարոտում եմ ամեն ծառն ու թուփը, քարը, քաղաքի ամեն անկյունը, աշխատավայրս ու իմ տունը, սենյակս:
Մի խոսքով, առանց Երևան ապրելը դառնում է դժոխք: Հավատացեք, որ ուրիշ ոչ մի քաղաքում չկա այն հրաշք եղանակը, որ ունի մեր սիրելի Երևանը. տարվա 4 եղանակը ընդգծված կերպով տարբերվում են միմյանցից՝ գույների հարստությամբ, եղանակի շոգ, մեղմ, անձրևային կամ ցուրտ լինելով։ Երևանն աշխարհի ամենաջերմ ու բարի քաղաքն է, որին չսիրել հնարավոր չէ:
-Ո՞րն է, ըստ քեզ, քո առաքելությունը՝ որպես Երևանի երտասարդ բնակիչ
Երևանն իր 2797 տարիների ընթացքում կերտել է մշակութային հարուստ պատմություն, որը սերնդեսերունդ փոխանցվելով՝ հասել է մեզ, ու մենք էլ, այսօրվա երիտասարդներս, անում ենք հնարավորը, որ աչքի լույսի պես պահպանենք այն ամենը, ինչը հասել է մեզ։ Իմ ու հասակակիցներիս առաքելությունը, իմ կարծիքով, մեր սիրելի Երևանի պատմությունն իմանալն ու քաղաքը խնամքով պահելն է:
Ընկերներս ինձ հումորով նույնիսկ նմանեցնում են հուշակոթողի կամ դրոշի, որը մշտապես առկա է երևանյան շնչով առլեցուն բոլոր միջոցառումներին։ Իմիջիայլոց, մայրաքաղաքի բազմադարյա պատմությանը մենք կարող ենք ականատես լինել փոքրիկ ներկայացումներով, որոնք ներառված են «Էրեբունի–Երևան» տոնակատարության շրջանակներում։
-Խոսեցիր «Էրեբունի–Երևան» տոնակատարությունից: Երկա՞ր ժամանակ է, որ մասնակցություն ես ունենում տոնի կազմակերպման աշխատանքներում:
-«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ինձ համար ամենահոգեհարազատ տոնն է։ Անգամ ծննդյանս օրվա երբեմնի անսահման ուրախությունս է մնացել երկրորդ պլանում: «Էրեբունի-Երևանը» երբեմն համեմատում եմ նաև մանկությանս ամենասիրելի տոնի՝ Ամանորի հետ, որն ինձ համար միշտ եղել է ամենաուրախ ու լիարժեք երջանիկ տոնը: Ու կարծում եմ այս դեպքում էլ «Էրեբունի-Երևան»-ը էլի իր հմայքով հաղթող է: Տարիներ առաջ, երբ դեռ փոքր էի, առիթ ունեցա լինել Հրազդան մարզադաշտում կազմակերպված «Էրեբունի-Երևան» տոնակատարության հանդիսատեսն ու, թերևս հենց այդ օրից անսահման սիրեցի այս տոնը:
Ամեն ինչ ինձ համար այնքան շքեղ էր ու լիարժեք, որ այդ օրից ի վեր երազանքս էր, որ մի օր էլ ես հնարավորություն ունենամ դառնալ այդ մեծ տոնի մի մասնիկն ու լինեմ ներկայացման մեջ վազող երեխաներից մեկը։ Երազանքս, կարող եմ ասել, իրականացավ: Արդեն 4 տարի է, ինչ «Էրեբունի-Երևանը» ինձ համար առանձնակի կարևորություն ունեցող ու պատասխանատու աշխատանք է նաև: Մեր սիրելի քաղաքի գլխավոր տոնին մասնակցում եմ թե՛ որպես կազմակերպիչ, և թե՛ որպես հաղորդավար։ Ու ամեն անգամ մանկությանս երազանքի մասին հիշելիս, անթաքույց հուզվում եմ՝ գիտակցելով, որ իմ կյանքի ու մասնագիտական ուղին կերտելու գործում իսկապես մեծ դեր է ունեցել հենց այդ օրն ու «Էրեբունի-Երևան»-ը։
-Ի՞ նչ կմաղթեք Երևանին:
-Իմ Երևանին մաղթում եմ հավերժ երիտասարդություն ու ցանկանում եմ, որ իմ երեխաներին ու թոռներին ևս ընդունի նույնքան ջերմությամբ և բարությամբ, որքան ինձ։ Ու թող աշխարհն էլ իմանա, որ սիրել եմ, սիրում եմ և միշտ էլ գժի պես սիրելու եմ իմ ջերմ ու բարի Երևանս։