Տասնչորս երկրների ուսանողներ իրենց մշակույթը ներկայացրել են Երևանի բժշկական համալսարանում
ОбществоՄշակութային բազմազանություն՝ Երևանի պետական բժշկական համալսարանում. բուհում հոկտեմբերի 7-ին կազմակերպվել է «Բարեկամություն» ավանդական ծրագիրը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Բժշկական համալսարանի բազմազգ ուսանողները ներկայացրել են իրենց մշակույթը, խոհանոցը, տարազը, սովորույթները, երգն ու պարը։ Առանձին տաղավարներով ներկայացված են եղել 14 երկրներ՝ Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Հորդանան, Լիբանան, Ուկրաինա, Թուրքմենստան, Սիրիա, Հունաստան, ԱՄՆ:
ԵՊԲՀ 2-րդ կուրսի ուսանողուհի Սալմազ Սիրանն Իրանի Իսլամական Հանրապետությունից է, պարսկուհի է։ Արդեն 12 տարի բնակվում է Հայաստանում և շատ վարժ խոսում է հայերեն։ Ներկայացնելով իրանական մի քանի ուտեստներ՝ ասել է, որ դրանք հայկական կերակուրներից տարբերվում են հատկապես շատ օգտագործվող համեմունքներով։ Սալմազ Սիրանը նշել է՝ թեև հաճույքով ճաշակում է հայկական ճաշատեսակները, սակայն իր համար ավելի հոգեհարազատ է պարսկականը։ Իրեն հետաքրքրում է տարբեր ազգերի մշակույթը, և այս միջոցառումը միջմշակութային շփման հնարավորություն է տալիս։
«Բարեկամություն» ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից։