Հայաստանում ներդրվում է աշխատանքային վեճերի հաշտարարի ինստիտուտ
ОбществоՀոկտեմբերի 22-ից ՀՀ աշխատանքային օրենսգրքում ուժի մեջ են մտնում լրացումներն ու փոփոխությունները, որոնք բխում են և՛ իրավակիրառ պրակտիկայից, և՛ Եվրոպական խարտիայից ու կոնվենցիայից: Հոկտեմեբրի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ փոփոխությունները հնարավորություն կտան օրենսգրքի շրջանակներում պատշաճ ապահովել աշխատողների շահերի պաշտպանությունը:
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող է աշխատանքային վեճերի մեծ ծավալ առաջանալ դատարաններում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Աշխատանքային օրենսգրքում կատարվել են լրացումներ և մտցվել հաշտարարի ինստիտուտ, որը մինչև դատական քննությունը աշխատողի և գործատուի միջև պետք է փորձի ստեղծել հաշտության եզրեր:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ աշխատանքային իրավունքի խախտումներն արձանագրելու համար իրենց կոմիտեն նախորդ տարի տարբեր ոլորտներում համակարգված ուսումնասիսրությունններ է արել, որոնց արդյունքների համաձայն` Հայաստանում աշխատանքային իրավունքները լիարժեք պաշտպանված չեն: «Հաճախ գործատուի և աշխատողների միջև պայմանագրեր չեն լինում, իսկ պայմանագրեր չլինելը նշանակում է անօրինական աշխատանք, որի դեպքում աշխատողը որևէ կերպ պաշտպանված լինելու հնարավորություն չի ունենում: Որպես կանոն առանց պայմանագրի աշխատում են ռեստորաններում, սրճարաններում, փաբերում և այլն: Որտեղ կան պայմանագրեր, դրանք չեն նայվում կամ ձևական բնույթ են կրում»- հավելեց Իշխանյանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը նշեց, որ աշխատանքային իրավունքի խախատման դեպքերով իրենց հիմնականում դիմում են աշխատանքի ընդունման և ազատման հետ կապված:
«Մեզ դիմում են նաև չվճարված աշխատավարձի, չօգտագործված արձակուրդների, վերջնահաշվարկների, աշխատանքային հավելումների հետ կապված: Շատ հաճախ խախտումներ էին լինում ամենամյա լրացուցիչ արակուրդների հետ կապված»,- նշեց Արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարը` հավելելով, որ իրենց գործունեությունը տեղեկատվական խորհրդատվական բնույթ է կրում և առաջացած խնդիրներնը լուծվում են հեռախոսի կամ գրության միջոցով:
«Եռակողմ սոցիալական գործընկերության ինստիտուտի միջոցով մենք հնարավորություն ունենք աշխատանքի նորմեր պարունակող օրենսդրությունը կանոնակարգել, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բացթողումներ կանոնակարգել, քանի որ կան հոդվածներ, որոնք թյուրիմացություններ են առաջացնում »,- ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ, սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանը` կարևորելով նաև թե ՛գործատուների, թե՛ աշխատողների՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների իրազեկման խնդիրը: