Նաիրա Զոհրաբյանը Հանրային հեռուստաընկերությանը հորդորում է ապահովել ԵԽԽՎ լիագումար նիստերի պատշաճ լուսաբանում
ОбществоԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատում Հանրային հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ընթացքում, բայց հորդորում է ապահովել կարևոր միջազգային հարթակներում հայկական պատվիրակությունների աշխատանքի ավելի պատշաճ լուսաբանումը: Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում պատգամավորը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ նիստերի լուսաբանմանը ներկայանում է 10 լրագրողով և օպերատորով, իսկ հայաստանյան պատվիրակության աշխատանքները լուսաբանել է ընդամենը մեկ լրագրող, ով կարողացել է պատշաճ կերպով լուսաբանել նիստը և պատվով դուրս գալ քարոզչական պատերազմից: «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր աշխատանքը նմանվում է պատերազմի շարունակության դիվանագիտական դաշտում: Եվ երբ մենք գնում ենք այնտեղ` կարծես բոբիկ ոտքերով քայլելով ականների վրայով, երբ տեսնում ենք, որ ադրբեջանցիները եկել են` զինված 10 լրագրողով և օպերատորով, և ուղղակիորեն դու չես հասցնում քարոզչական աշխատանքում հասցնել նրանց ռեսուրսների հետևից: Ես այս անգամ տեսա, թե ինչ տիտանական աշխատանք կատարեց մեկ լրագրող՝ Հանրային հեռուստաընկերության աշխատակից < /b>Սիրանուշ Մուրադյանը, ով եկել էր առանց օպերարտորի և չէր հասցնում վազել, գտնել ԵԽԽՎ օպերատորին, հետո գտնել մեր պատգամավորին, որպեսզի կարողանար գոնե արժանի հակահարված հասցնել ադրբեջանական հակահայկական քարոզչությանը»,- Արմենպրեսի հաղորդմամ բ՝ ընդգծեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով` մեկ այլ բան է հենց տեղից օպերատիվ կերպով ցույց տալ, թե ինչ է այնտեղ կատարվում, այլ բան է 5-6 օր հետո վերադառնալ Երևան, ասուլիս հրավիրել և ներկայացնել կատարվածը: «Միգուցե, Հանրային հեռուստաընկերության եթերում շատացել են մշակութային հաղորդումները, կա դրական տեղաշարժ, սակայն ես հորդորում եմ ձեզ այդ կառույցներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, որտեղ անընդհատ դիվանագիտական քարոզչական պատերազմ է, չխնայել գումարներ, որպեսզի գոնե մեկ լրագրող-օպերատորով Հանրային հեռուստաընկերությունը ներկա լինի, որպեսզի մենք ստիպված չլինենք մեր քիչ ռեսուրսներով այսպես հետահայաց պատասխան տալ մեր հակառակորդների հակահայկական ագրեսիվ քարոզչությանը: Այդպիսի էնտուզիազմով, վերջին ճիգերով անընդհատ աշխատել հնարավոր չէ: Ի վերջո, քարոզչական պատերազմը նույն պատերազմի շարունակությունն է՝ այլ զենքերով: Մենք այստեղ պետք է կարողանանք ճիշտ գնահատել մեր ռեսուրսները, որպեսզի այս հարթակում կորուստներ չունենանք»,- ընդգծեց Զոհրաբյանը: