Մեկնարկում է «ԱՐԵԱԼ» արագացուցիչ ծրագրի երկրորդ փուլը
ОбществоԳերմանիական ազգային արագացուցչային կենտրոնի կողմից «ՔԵՆԴԼ» կենտրոնին տրամադրվող գերժամանակակից համալիրը թույլ կտա Հայաստանում լիարժեք իրականացնել «ԱՐԵԱԼ» ծրագիրը, ինչը մեծ խթան կդառնա երկրի գիտության տարբեր ոլորտներում արագ զարգացմանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վասիլի Ցականովը:
«Արագացուցչի լիարժեք կիրառումը թույլ կտա նոր և համարձակ քայլեր կատարել ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի, կենսաբանության, նոր նյութերի ուսումնասիրության, բժշկության և այլ բնագավառներում: Իսկ այսպիսով մեկնարկող երկրորդ փուլում ստեղծվող նոր արագացուցիչը մեզ նաև թույլ կտա կատարել հաջորդ քայլը՝ Հայաստանում ստեղծել ազատ էլեկտրոնների հիման վրա աշխատող լազեր, որը մի շարք հնարավորություններ է ստեղծում կիրառական գիտություններում», - ասաց Վասիլի Ցականովը:
Մեկ տարի առաջ հուլիսի 22-ին տեղի ունեցավ «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի բացումը, որով արդեն իրականացվում է փորձարարական ծրագիրը: Այն թույլ է տալիս ստանալ գերկարճ իմպուլսներ, որը Ցականովի խոսքով, իրենց ոլորտի գիտնականների ռազմավարական ծրագիրն է մոտակա 50 տարվա համար:
«Մեր կենտրոնը Հայաստանի «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հետ ունի համագործակցության հաջողված պատմություն, և 2010 թ. աշխատաժողովներից մեկում հանդիպման ժամանակ քննարկել էինք Հայաստանում նոր սերնդի արագացուցչի ստեղծման մասին: Եվ որոշվեց կառուցել այդ սարքը, որը կկարողանա արտադրել էլեկտրոնները, և շատ կարճ ժամանակահատվածում այն մեզ հաջողվեց իրականացնել», - ասաց գերմանական «ԴԵՍԻ» (DESY) արագացուցչային կենտրոնի ներկայացուցիչ Կլաուս Ֆլոթմանը:
Գերմանացի գիտնականը նշեց, որ «ԱՐԵԱԼ» արագացուցչի նախագծումն ու կառուցումը գերազանցեց իրենց սպասելիքները, ինչի արդյունքում այն զարգացման և ուսումնական մի կենտրոն է դարձել, որտեղ տարբեր ոլորտի գիտնականներ հնարավորություն ունեն կատարել իրենց աշխատանքները: Իսկ հուշագրի ստորագրման արդյունքում արագացուցիչն աշխատելու է տերահերց տիրույթում և կիրառվելու է մի շարք գիտական ոլորտներում: