“The Beautified Project” խումբը 4 ամսվա ժամանակավոր դադարից հետո կներկայանա մենահամերգով եւ նոր տեսահոլովակով։ “I Found a Way” երգի հեղինակն Անդրե Սիմոնյանն է։ Տեսահոլովակի հերոսուհին նյույորքաբնակ նկարչուհի-դերասանուհի Լյուսի Աբդալյանն է, որն, ըստ սյուժեի, սպիտակ տարածքում նկարում է տարբեր պատկերներ։
Անդրե Սիմոնյանը` “I Found a Way” տեսահոլովակի նկարահանումներին
Ալտերնատիվ ռոք-խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ “I Found a Way” երգն ունի նախապատմություն, եւ պատմել, թե ով է իրեն ոգեշնչել.“Երգն այն աղջիկների մասին է, որոնք ակումբներում մոտենում են տղաներին եւ սկսում են խոսել։ Սովորաբար, այդ զրույցները դատարկ ու անիմաստ են։ Իհարկե, հակառակ երեւույթն էլ կա, բայց ես գրել եմ տղաների տեսանկյունից:)։ Տարիներ առաջ մեր խմբի նախկին թմբկահարը հենց այն դեմքերից էր, որ նստում էր բարում կամ ակումբում, բայց խոսելու հավես չուներ։ Երբ նրա հետ ուզում էին շփվել, տխուր ու անհավես էր խոսում։ Նրա կերպարը դարձավ երգի թեման”։
Անդրեի խոսքով` տեսահոլովակի սցենարն ու գաղափարն իրենն է, ռեժիսորական աշխատանքը ստանձնել է լուսանկարիչ Արվին Քոչարյանը, իսկ օպերատորական աշխատանքն ու մոնտաժն իրականացրել է Մարիամ Գեւորգյանը։
“I Found a Way” տեսահոլովակի հերոսուհի Լուսի Աբդալյանը
Ռոք-խմբի տարեվերջին մենահամերգը կկայանա հոկտեմբերի 30-ին՝ “Տիկնիկային” թատրոնում։ Տղաների հետ ելույթ կունենան նաեւ Սոնա Ռուբենյանն ու Էվա Ոսկանյանը։ Խմբի դաշնակահար Առլենը հայտնել է, որ այդ օրը ներկայացնելու են խմբի հայտնի ու սիրված երգերը.“Հիմնականում կլինեն մեր երեք սկավառակների ճանաչված երգերը, բացի այդ կնվագենք նոր գործեր։ Փորձել ենք ընդգրկել երկրպագուների կողմից սիրված երգերը”։