Հայաստանը որդեգրում է ներդրումներ ներգրավելու բաց դռների քաղաքականությունը
ЭкономикаՀայաստանը որդեգրում է ներդրումներ ներգրավելու բաց դռների քաղաքականությունը: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանության արժանացրեց ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցը: Այն ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարե ն Ճշմարիտյանը:
Նախարարի խոսքով` փաստաթուղթը մշակվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու Էկոնոմիկայի նախարարության կողմից: «Ներդրումային քաղաքականության հայեցակարգ ունենալու պահանջը բխում է մի քանի կարևոր սկզբունքներ ամրագրելու անհրաժեշտությունից: Ներդրումային քաղաքականություն վարելու համար պետք է հիմնարար սկզբունքների սահմանում, որոնք ուղենիշ կդառնան տնտեսական քաղաքականության ու տնտեսության զարգացմանը համահունչ նորմատիվ ակտեր և մթնոլորտ ձևավորելու համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվելու է «բաց դռների» քաղաքականության սկզբունքով, որը մինչ այժմ կատարվել է, բայց փաստաթղթերում չի ամրագրվել: «Բացի այդ ուշադրություն պետք է դարձնենք ներդրումային գործունեության հետ կապված հարաբերությունների ազատականացման, օտարերկրյա ներդրողների նկատմամբ ազգային և առավել բարենպաստության ռեժիմների ամրագրման, ներդրումների պատշաճ պաշտպանության և միջազգային առաջադեմ պրակտիկայում ընդունված այլ սկզբունքների հաստատմանը»,-նշեց նախարարը: Կարեն Ճշմարիտյանը շեշտեց, որ Ներդրումային քաղաքականության հայեցակարգը մշակել են` հավատալով, որ այն կբերի օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի, բայց այդ ամենին հասնելու համար միայն մեկ փաստաթղթով չեն սահմանափակվելու, անհրաժեշտ են փոփոխություններ տարբեր օրենքներում, որոնք ժամանակի ընթացքում կկատարվեն:
Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը, ինչը համահունչ է Հ այաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի գերակայություններին: Այս նպատակների իրականացմանն է ուղղված հայեցակարգով նախատեսված հիմնական խնդիրների լուծումը: