ՕԵԿ-ում միաբերան պնդում են, որ տեղյակ չեն Արթուր Բաղդասարյանի որդու մասնակցությամբ միջադեպից
Общество«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ տեղյակ չեն կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդու մեքենան ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում հայտնվելու միջադեպին և հրաժարվում են մեկնաբանություններ տալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանն ընդգծեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար, չի կարող մեկնաբանել:
«Նախ սկսենք նրանից, որ ես մեկնաբանում եմ միայն «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանը, տարբեր պաշտոնատար անձանց գործունեության հետևանքով առաջացած այս կամ այն իրադարձությունները: Հասցեատերը ես չեմ: Ես չպետք է դա մեկնաբանեմ: Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, հետևաբար, չեմ կարող մեկնաբանել: Կան պատկան մարմիններ, որոնց կարող եք դիմել և ստանալ ձեր մեկնաբանությունը»,- ընդգծեց Միսակյանը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ընդգծեց, որ ինքը տեղեկություններ չունի և այդ փաստը չի ուսումնասկրել, սակայն պնդեց, որ Արթուր Բաղդասարյանի որդին չէր կարող կեղծ համարանիշներով շրջել:
«Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել այդ փաստը: Եթե նույնիսկ Արթուր Բաղդասարյանի տղան լինի, ապա չի կարող մի քանի համարանիշներով շրջել: Երկրորդը` դուք դա կարող եք ճշտել այնտեղից, որտեղից տեղեկատվություն եղել է:
Ամեն հրապարակում չի կարելի որպես ճշմարտություն ընդունել: Ես կրկնում եմ, եթե իր տղան է, նրա մեքենան են տարել տուգանային հրապարակ, այստեղ էլ որևէ խնդիր չկա: Ես տեղյակ եմ եղել, որ ինչ-որ հանձնարարություն է եղել` համարանիշների հետ կապված խնդիրներ ունեցող բազմաթիվ մեքենաներ տանել տուգանային հրապարակ և պարզաբանել: Գուցե, այդ պարզաբանման առիթներից մեկն էլ այդ մեքենան է եղել»,- հավելեց պատգամավորը:
ՕԵԿ առաջնորդի որդու հետ կապված միջադեպի մասին լուրերը հրաժարվում են մեկնաբանել նաև ՕԵԿ խմբակցության պատգամավորները՝ պնդելով, որ տեղյակ չեն:
Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տարվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդուն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան՝ կեղծ համարանիշ օգտագործելու համար: