«Կոմիտաս» փառատոնը հատեց եզրագիծը
КультураՄանկապատանեկան երգչախմբերի «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթի դափնեկիրների ելույթներով եզրափակվեց «Կոմիտաս» փառատոնը: Հոկտեմբերի 8-ին վարդապետի անունը կրող թանգարան-ինստիտուտում անցկացվեց մանկական խմբերգային արվեստի երեկո:
«Փառատոնի ձեռքբերումը լավ համերգներն էին, Հայաստանի լավագույն երաժիշտներից շատերի ելույթները: Ձեռքբերում էր Կոմիտասի և հայ կոմպոզիտորների երաժշտությունը ևս մեկ ագամ բարձր մակարդակով հնչեցնելը: Փառատոնի նպատակն է ապագայում ունենալ «Կոմիտաս» միջազգային փառատոն, որը պետք է ունենա նաև իր գիտական բաղադրիչը: Կոմիտասի և հայ կոմպոզիտորական դպրոցի հանրահռչակման ևս մեկ հարթակ ստեղծելու նպատակ ունենք»,- նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կոմիտաս» փառ ատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:
Նա հիշեցրեց, որ այս տարի ընդլայնվել էր փառատոնի ձևաչափը, և, Կոմիտասի ստեղծագործություններից բացի, համերգային երեկոների ընթացքում հնչել են նաև այլ հայ կոմպոզիտորների գործեր:
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը նկատեց, որ փառատոնի մեջ մեծ խորհուրդ կա:
«Կարևոր է, որ մենք այս փառատոնը նվիրում ենք հայ դասական երաժշտարվեստի գլուխգործոց Կոմիտասին ու, զուգահեռաբար, այն մարդկանց, ովքեր կերտում են հայ կոմպոզիտորական դպրոցը: Մենք գիտենք, որ Կոմիտասը փայլուն բանահավաք էր, կոմպոզիտոր, հիանալի խմբավար, առանձնահատուկ երգիչ էր: Եվ նա կարողացավ մեր ժողովրդից հավաքագրել և մեր ժողովրդին վերադարձնել մեր հողի և ջրի նման մաքուր ազգային երգը»,- ընդգծեց նա:
Դավիթ Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ մանկապատանեկան երգչախմբերի «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթի դափնեկիրները մինչև համերգը ծաղիկներ են դրել Կոմիտասի շիրիմին և շրջել են վարդապետի անունը կրող թանգարան-ինստիտուտի տարածքով:
Կոմիտաս վարդապետի խմբերգային, մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները մի քանի օր շարունակ ներկայացվեցին երաժշտասերների դատին: Սեպտեմբերի 26-ին` Կոմիտասի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» փառատոնը: Երկրորդ տարին անցկացվող փառատոնի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն` Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, որը ներկայացրեց Կոմիտասի «Պատարագ»-ը:
Փառատոնի նախաձեռնողներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Միջոացառմանը մասնակցում էին Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան), «Հովեր» (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար`Հարություն Թոփիկյան), երգչախմբերը «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան), ինչպես նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասա րդյանը, Հայկ Մելիքյանը, Արմեն Աղաջանյանը: