Սեպետեմբերին նախորդ ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանում ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 0.8 տոկոս, ոսկերչական, գեղահարդարման, մշակույթի ապրանքների, համապատասխանաբար, 0.9 տոկոս, 1.3 տոկոս, 1.4 տոկոս, գրենական պիտույքների՝ 1.5 տոկոս, անձնապիտո ապրանքների՝ 1.6 տոկոս, հագուստի և գործվածքի 3.3 տոկոս գնաճով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, այգեգործական ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, տեքստիլեղենինը՝ 0.2 տոկոսով, խոհանոցային սպասքինը՝ 0.2 տոկոսով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.4 տոկոսով, կահույքինը՝ 0.5 տոկոսով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է լվացող միջոցների՝ 1.6տոկոս, վառելիքի՝ 0.1 տոկոս, շինանյութերի՝ 0.1 տոկոս, դեղամիջոցների 0.1 տոկոս գնանկում, իսկ գորգեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 11 քաղաքներից յոթում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.0 տոկոս գնաճ (ամենաբարձր գնաճն արձանագրվել է մայրաքաղաքում), երկուսում՝ 0.4-0.2 տոկոս գնանկում, իսկ ևս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: