Կատալոնիա՝ «կղզի» եվրագոտում
АналитикаԿատալոնիայի համայնքային կառավարության կողմից անկախության հանրաքվեի նախերգանք համարվող վերջին ընտրությունները այնքան էլ միանշանակ չէին: Ընտրությունների արդյունքում՝ տարածաշրջանային խորհրդարանում անջատողական ուժերը մեծամասնություն կազմեցին, սակայն համաժողովրդական քվեարկության արդյունքում 50 տոկոսից ավելի քիչ ձայներ ստացան: Սա նշանակում է, որ առնվազն տարածաշրջանային մակարդակով, անկախության գործընթացը կարող է հետաձգվել, թեև հավանաբար, չի դադարեցվի:
Կատալոնիան Իսպանիայի շրջաններից ամենահարուստն է, բնականաբար, երկիրը չի ցանկանա կորցնել այդքան հարուստ տարածաշրջանը, որի արտահանման ծավալներն ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում: Կատալոնիայի ՀՆԱ-ն կազմում է €209 մլրդ, մոտավորապես համարժեք է Պորտուգալիայի տնտեսությանը:
Կատալոնիայի անկախացման շարժումն ուժգնացել է հենց Իսպանիայի ճգնաժամից հետո, սակայն հատկանշական է այն հանգամանքը, որ Կատալոնիան իր հերթին չի կարող խուսափել ճգնաժամի ալիքից:
Կատալոնիայի անկախացումը կհանգեցնի նրան, որ կատալոնացիները քաղաքական և տնտեսական մի շարք խնդիրներ կունենան: Գլխավոր հետևանքը կլինի, այն,որ Կատալոնիան այլևս չի համարվի Եվրոպական միության մի մասը: Երկրի բանկերը Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) հետ չեն ունենա ընդհանուր իրացվելիություն:
Անկախ Կատալոնիան խնդիրներ կունենա նաև ՆԱՏՕ-ի անդամակցություն ձեռք բերելիս: Կատալոնիան կդառնա «կղզի» եվրագոտում: Դա կնշանակի, որ այն պետք է թողարկի նոր արժույթ, անձնագիր, ընդունի նոր պետական լեզու:
Անկախացումը կհարվածի նաև Կատալոնիայի տնտեսությանը. նախ այդ շրջանին բաժին կհասնի Իսպանիայի պարտքի զգալի մասը: Շատ հնարավոր է առևտրաշրջանառության կասեցում իսպանական մնացած շրջանների հետ: Իսպանիայի կառավարությունը կարող է ապրանքների վրա բարձր սակագներ դնել և առհասարակ երկրի արտադրանքը կարող է շատ ցածր գնահատվել նոր արժույթի պարագայում:
Օտարերկրյա ներդրողները ևս չեն կամենա գումար ներդնել պառակտված պետության տնտեսությունում, որտեղ առկա է իրավական և քաղաքական անկայունություն:
Այսպիսով, Կատալոնիան շատ թանկ կվճարի ազատ պետություն ստեղծելու դեպքում. կորցնելով իր ամենամեծ առևտրային գործընկերներին և հսկայական կապիտալը, կտուժի նաև արդյունաբերությունը, ինչի արդյունքում կկրճատվեն աշխատատեղերն ու շատ կատալոնացիներ կսկսեն արտագաղթել դեպի իրենց մայր երկիր:
Անի Գասպարյան