2.8 կգ քաշով և 45 սմ հասակով «մինատյուրնի» աղջիկ ունեմ. ծնվել է Կարեն Մամիկոնյանի և Անուշիկ Ալավերդյանի առաջնեկը
LifestyleLife.panoarama.am-գրում է .
Հոկտեմբերի 7-ը դաշնակահար Կարեն Մամիկոնյանի եւ երգչուհի Անուշիկ Ալավերդյանի ընտանիքի համար այսուհետ տոն է լինելու. այդ օրը ծնվել է երաժիշտ զույգի առաջնեկը:
Life.panorama.am-ին նորաթուխ հայրիկը՝ Կարեն Մամիկոնյանը, հայտնեց, որ երեկ կեսօրին լույս աշխարհ է եկել իր շատ սպասված դուստրը. «Փոքիկս ծնվեց եւ նրա ծնունդի հետ կապված իմ ու Անուշիկի ուրախությունը պարզապես բառերով նկարագրել չեմ կարող, ինձ կհասկանան բոլոր նրանք, ովքեր ծնողներ են»,- նշեց նա:
Կարեն Մամիկոնյանը տեղեկացրեց, որ աղջնակն ու կինը իրենց շատ լավ են զգում. «Երկուսն էլ գերազանց են իրենց զգում, փոքրիկս ծնվել է 2.8 կգ քաշով եւ 45 սմ հասակով՝ «մինատյուրնի» աղջիկ ունեմ,- կատակելով նշեց նորաթուխ հայրիկը եւ հարցին, թե ինչպես են անվանելու դստերը պատասխանեց,- անկեղծ ասած, դեռ տատանվում ենք անվան հարցում, դեռեւս վերջնական որոշման չենք եկել»:
Ի դեպ, Կարեն Մամիկոնյանը նշեց, որ դստեր ծնվելու պահին ծննդատանը իր կողքին է եղել մանկության ընկերը. «Այն պահին, երբ հուզված սպասում էի դստերս լույս աշխարհ գալուն, ուրախությունս ինձ հետ միասին կիսում էր մանկությանս ընկերը, հետո արդեն, երբ ծնվեց աղջիկս, բոլորն էլ տեղեկացան եւ եկան հիվանդանոց: Ինձնից եւ Անուշիկից հետո երեւի թե ամենաշատը ուրախացել էին մեր ծնողները՝ տատիկ եւ պապիկ դառնալն էլ երեւի հրաշք զգացողություն է»,- նկատեց դաշնակահարը:
Կարեն Մամիկոնյանը նշեց նաեւ, որ հայկական ավանդական հայրիկների նման երեկվանից ընկերների հետ միասին նշում է իր կյանքի ամենամեծ ուրախությունը. «Երեկվանից նշում ենք ու դեռ կնշեք այս ուրախությունը: Ի դեպ, Անուշիկի եւ դստերս համար մի անակնկալ եմ պատրաստել, որի մասին միայն նրանք կիմանան»,- ընդգծեց նա:
Life.panorama.am-ը միանում է Կարեն Մամիկոնյանին եւ Անուշիկ Ալավերդյանին ուղղված շնորհավորանքներին եւ ցանկանում փոքրիկին առողջ ու անհոգ մանկություն: