Իրանցի մասնագետը՝ մարդու օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին
ОбществоԱյսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներ «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով: Իրանից ժամանած ներկայացուցիչը իր ելույթի ժամանակ ներկայացրեց մարդու օրգանների փոխպատվաստման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծումները Իրանի Իսլամական Հանրապետությունում: «1979 թվականին Իրանում տեղի ունեցավ հեղափոխություն, եւ մեծացավ փոխպատվաստման կարիք ունեցողների թիվը: Սակայն մի քանի տարի անց մարդիկ բողոքի ալիք բարձրացրեցին, որ ուղեղային մահ ստացածներից պետք չէ վերցնել օրգաններ: Քանի որ պահանջը մեծ էր, ընդունվեց օրենք, որը կարգավորեց խնդիրը: Մեր երկրում կենդանի դոնորների միջոցով փոխպատվաստման հարցը կարգավորվել է: Վիճակից ելնելով՝ մենք ստիպված սկսեցինք պատվաստում իրականացնել հարազատների շնորհիվ, որից հետո հաստատվեց ընթացակարգը, Իրանում ստեղծեցինք հիմնադրամ, որտեղ պոտենցյալ դոնորները կարող են գնալ ու գրանցվել, փաստորեն, կարող են դոնոր հանդիսանալ ե´ւ ազգականը, ե´ւ այլ անձինք»,- ասաց նա:
Զեկուցողը նշեց, որ 1985-1992 թվականներին Իրանում աճել է փոխպատվաստման մակարդակը եւ իրենք այժմ ունենք երկու խոշոր կենտրոն: Այս ընթացքում բարձրացել է նաեւ հանրության իրազեկման մակարդակը: Խոսելով փոխպատվաստումների թվից՝ նա նշեց, որ ամեն տարի անում են 2000 փոխպատվաստում: «Ամեն ինչ արվում է հավուր պատշաճի եւ օրենքի շրջանակում: Գիտեք, որ օրգանները պետք է տեղափոխվեն վիրահատությունն իրականացնող հիվանդանոց, նոր պետք է կատարվի փոխպատվաստում: Ամեն ինչ արվում է ճիշտ ժամանակին եւ ինչպես հարկն է»,- նշեց նա՝ հավելելով, թե այդտեղ շատ կարեւոր է թիմային աշխատանքը: «Եթե անկեղծ ասեմ, ապա մեզ լավ չեն սովորեցրել, թե ինչպես է պետք իրականացնել թիմային աշխատանքը: Մենք հասկացանք, որ հանուն ընդհանուր արդյունքների է պետք գործել միասնական եւ սկսեցինք այդ ուղությամբ աշխատել»,- ասաց նա:
Խոսելով օրենքի կարգավորման մասին՝ զեկուցողը նշեց, որ իրենց մոտ կա օրենք, որ դոնորն ու քաղաքացին պետք է լինեն նույն երկրի քաղաքացի: «Վիրահատություն իրականացնելու համար մեզ պետք է ոչ միայն դոնորի, այլեւ ընտանիքի անդամներից եւս մեկի ստորագրությունը: Ցանկացած կազմակերպություն, եթե ցանկանում է վերցնել օրգաններ, սակայն ոչ արյունակցից, դրանց համար եւս կան ընթացակարգեր»,- հավելեց նա:
Սոսե Չանդոյան