Հայ աշակերտուհին արժանացել է Համաշխարհային փոստային միության նամակագրության մրցույթի հատուկ հավաստագրի
ОбществоՓոստի համաշխարհային օրվա կապակցությամբ «Հայփոստ» ընկերությունը շրջանառության մեջ դրեց Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակին նվիրված փոստային բացիկը՝ 240 դրամ անվանական արժեքով:
«Հայփոստի» նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի ունեցավ նաև Համաշխարհային փոստային միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համատեղ իրականացվող նամակագրության երիտասարդական ամենամյա հերթական մրցույթի արդյունքների ամփոփումը: Համաշխարհային փոստային միության միջազգային ժյուրին նամակագրության միջազգային մրցույթի հատուկ հավաստագիր է շնորհել «Հայ կրթություն» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Բարսեղյանին:
«Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը Տաթև Բարսեղյանին հանձնեց հավաստագիրը և փոստային միության ուղարկած նվերները, որից հետո մարվեց և շրջանառության մեջ մտցվեց «Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով բացիկը: Մարման արարողությանը մասնակցեցին Պաբլո Գեչիջյանը, Տաթև Բարսեղյանը և «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Հոկտեմբերի 9-ին նշվում է Փոստի համաշխարհային օրը: Տոնն անցկացնելու որոշումն ընդունվել է 1960 թվականին՝ Համաշխարհային փոստային միության 16-րդ կոնգրեսում: Օրն առաջին անգամ նշվել է 1970 թվականին: Համաշխարհային փոստային Միությունը, որի անդամն է Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում խթանել աշխարհում նամակագրության դերը: Այս տարի անց է կացվել 44-րդ նամակագրության միջազգային մրցույթը, որի թեման էր «Աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ»: Դրան մասնակց ել են 9-15 տարեկան աշակերտները:
Տաթև Բարսեղյանն իր նամակում, մասնավորապես, գրել է. «Դու պետք է գիտակցես, որ այդ ծառը քո ներքին ուժն է, և դու ես որոշում` աճեցնել այն, թե՝ ոչ: Դու կարող ես հաղթահարել ամեն բարդություն: Այդ ծառը ննջում է քո ներսում: Արթնացրո՛ւ այն քո մեջ և դու, անշուշտ, կհասնես քո նպատակներին:
Սնի՛ր ծառը բարի մտքերով, անկեղծ սիրով ու լավատեսությամբ: Մտածի՛ր` արդյոք ցանկանում ես երջանիկ լինել և արդյոք ձգտում ես այդ ամենին, թե՝ ոչ: Սլացիր նպատակիդ ետևից՝ վերցնելով ամեն ընձեռված հնարավորություն: Միայն հավատա ինքդ քեզ, լսիր, թե ինչ են հուշում քեզ ներքին ձայնÕ ¤ և սիրտդ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե պատասխան նամակում պատմես ինձ, որ դու արդեն սկսել ես լսել ծառի տերևների շշուկը:
Անհամբեր սպասում եմ պատասխան նամակին:
Սիրով` Մերլին Սմիթին՝ Տաթևիկից»: