Երևանի և գերմանական երկու քաղաքների քաղաքապետերը քննարկել են համագործակցության ուղիները
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Գերմանիայի Մուգենստրում քաղաքի քաղաքապետ Դիդմար Սպաթի, Աբշտայնախ քաղաքի քաղաքապետ Ռոլֆ Ռեյնարդի և Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրոյան Սթիվեն Ֆերայի հետ:
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը նկատել է, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի, որ գերմանական քաղաքների հետ նախանշված գործակցության ծրագրերն ընդլայնվեն ու գործնական ընթացք ստանան:
«Այս տարվա հունիսին տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ու Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպմանն այսօր հաջորդում է հերթականը, որն արդեն առանձնանում է մշակութային ծրագրերով:
Շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերն ու Ձեր մասնակցությունն եք ունենալու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Սա ևս խոսում է այն մասին, որ մեր բարեկամական փոխգործակցությունը շարունակական է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատվիրակության ղեկավար, Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հրավերի համար, նաև համոզմունք հայտնել, որ հանդիպմանը ներկա Մուգենստրումի և Աբշտայնախի քաղաքապետերի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երևանի և գերմանական քաղաքների միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական դառնան:
«Երևանում կրկին գտնվելն իրոք հաճելի է: Երևանը ջերմ ու հյուրընկալ քաղաք է: Մեզ համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Երևանում և առավել մոտիկից ծանոթանալ հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի ավանդույթներին ու մշակույթին:
Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանն ականատես եղանք դեռևս մեր առաջին այցի ժամանակ, փաստում են, որ Երևանը թեև հին, բայց երիտասարդ ու դինամիկ զարգացող քաղաք է: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ կանենք հնարավորը՝ գերմանական քաղաքների և Երևանի միջև գործընկերային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ »,- նշել է Բրայան Սթիվեն Ֆերան:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է` փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: