Երևանը դառնում է մատչելի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
ОбществоԵրևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ մայրաքաղաքը դառնում է մատչելի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը:
«Շատ ուրախալի կլինի, որ ամբողջ Հայաստանը դառնա այդպիսին, բոլոր խոշոր և մանր քաղաքները հետևեն Երևանի քաղաքապետարանի օրինակին և մատչելի դարձնեն իրենց քաղաքները: Իհարկե, չեմ կարող ասել, որ ամեն ինչ արված է և ոչինչ չկա անելու: Շատ անելիքներ կան, բայց սայլը տեղից շարժվել է: Սկսել են ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց հարցերին»,-նշեց Ռուզաննա Սարգսյանը:
«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում անցկացվեց երթ, որին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող անձինք: «Երթին մասանկցեց 20 մարդ. նրանք մեր կազմակերպության մարզասրահում մասնակցում են տարատեսակ մարզումների: Մեր կազմակերպության մարզիկները հոկտեմբերի 8-12-ը մասնակցում են ՀՀ Նախագահի Լավագույն մարզիկ մրցույթին: Մենք սկսել ենք երթն Աբովյան պուրակից և Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով հասել ենք Երևանի քաղաքապետարան»,-ընդգծեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով`երթի մասնակիցներն ուրախ են միջոցառման մաս կազմելու համար: «Նրանք հասկանում են, որ հասարակության մաս են կազմում, առանձնացված չեն: Սա ևս մեկ տոն է հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-հավելեց Ռուզաննա Սարգսյանը: