Գառնիի դիտարանի նոր ռեգիստրատորը տեղեկությունը թվային եղանակով կփոխանցի տվյալների ընդունման կենտրոն
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 12-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով և 75 տուժածով: Սերգեյ Ազարյանը տեղեկացրել է նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում 2016թ. միջոցառումների մշակման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնել է, որ ռուս գործընկեր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկանածու Պավել Բուտիրինի հետ համագործակցությամբ` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրված դեֆորմոգրաֆի գրանցող սարքը (ռեգիստրատոր) փոխարինվել է նորով: Հ. Պետրոսյանի խոսքով` նոր թվային սարքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և կարող է տեղեկությունը թվային եղանակով փոխանցել տվյալների ընդունման կենտրոն:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Հ. Մելքոնյանը հայտնել է, որ հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` կարկուտ, իսկ 16-17-ին` առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ 14-ի ցերեկը և 16-ի գիշերը նույնքան կնվազի:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը հայտնել է, որ հոկտեմբերի 8-11-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում Սպորտի և երիտասարդության հարցերի նախախարության նախաձեռնությամբ անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին մասնակցել է լսողական, տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող 165 հաշմանդամ` վեց մարզաձևերում (լող, շախմատ, շաշկի, դարթս, բասկետբոլ, սեղանի թենիս): ՀՀ ՏԿԱԻՆ-ը ներկայացրել են 6 մարզիկներ` 4-ը բասկետբոլ, 1- ը շախմատ, 1-ը շաշկի մարզաձևերում:
Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Երիցյանի հրամանով` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Գալստյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։