Թուրքիայի տարբեր քաղաքներում խաղաղության կոչ անող բնակիչները հարձակումների են ենթարկվել
ОбществоԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտելու նպատակով Դիարբեքիրում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել քայլերթի: Քայլերթի մասնակիցները տարել են «Ի հեճուկս ամեն ինչի՝ խաղաղություն» գրությամբ մեծ պաստառ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ արգելված է փողոց դուրս գալ, բնակիչները ևս ցանկացել են քայլել դեպի տեղի հրապարակ, սակայն ոստիկանությունը հարձակվել է և կիրառել արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ: Հարձակման հետևանքով 63-ամյա Աբդուլազիզ Թարուքը, ով սրտային հիվանդ է եղել, զոհվել է:
Քյոթահիայում ևս շատերը դուրս են եկել փողոց՝ «Սգի մեջ ենք» գրությամբ, սակայն այստեղ էլ նրանց վրա հարձակվել են ազգայնական խմբեր «Շեհիդներն անմահ են, հայրենիքն անբաժան է» գրությամբ պաստառներով:
Իսկ Հաքքարիում ահաբեկչության դեմ բողոքի դուրս եկած բնակչության վրա հարձակվել է նույնպես ոստիկանությունը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և փամփուշտներ:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ պաղեստինցի: Տարբեր տվյալներով` շուրջ 508 մարդ է տարվել հիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, ում ինքնությունը դեռ պարզվում է:
Դիարբեքիր, ոստիկանություն, հարձակվել, Թուրքիա