Արայիկ Հարությունյանը ԱԻՊԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալով և պատվոգրով
ОбществоԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել հուշամեդալով և պատվոգրով:
Ինչպես փոխանցեցին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն իր ելույթում շեշտադրել է, որ այցն առիթ է գնահատելու կատարված աշխատանքները և քննարկելու ծառայության հետագա անելիքները:
«Տարին աննախադեպ էր, քանի որ ամառն ունեցել ենք խիստ հրդեհավտանգ իրավիճակ: Պետք է փրկեինք տարվա բերքը հրդեհներից, ծանր պայքար ենք մղել և կարողացել ենք պատվով դուրս գալ այդ դրությունից: Հրդեհները կանխելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատ արվել, սակայն չենք կարող դրանք բավարար համարել: Ուստի, պարտավոր ենք սխալները հաշվի առնել և հետագա տարիներին ճիշտ ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- ասել է Հարությունյանը:
Նա վարչապետի հուշամեդալով և պատվոգրով պարգևատրել է ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների՝ 2015 թվականին հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի անկորուստ աշխատանքների իրականացմանն աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու և առաջացած հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
«Ես շատ տեղերում անձամբ եմ տեսել ձեր անձնվեր աշխատանքը, այդ պատճառով եկել եմ շնորհակալություն հայտնելու»,- հավելել է կառավարության ղեկավարը:
Ծառայության պետ Արթուր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ոլորտն ուշադրության ներքո պահելու համար՝ ընդգծելով, որ ԱԻՊԾ թիմը միշտ պատրաստ է իր առջև դրված խնդիրներին սրտացավ կերպով մոտենալ և լուծումներ տալ դրանց:
Արայիկ Հարությունյանը նաև շրջել է ծառայության նոր շենքով, ծանոթացել ստեղծված պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ: