Շտուտգարտը կհյուրընկալի «Հայ մշակույթի օրերը»
КультураՇտուտգարտում հոկտեմբերի 19-31-ը կանցկացվեն «Հայ մշակույթի օրեր»: Միջոցառումն իրականություն է դառնում Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի, համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Շտուտգարտի մշակույթի բաժնի, ինտեգրման նախարարության, ինչպես նաև մասնավոր հովանավորների աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2011 թվականին կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած «Հայ մշակույթի օրերն» այս տարի նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մշակույթի օրերին կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մշակութային գործիչներ, անհատ կատարողներ և ստեղծագործական կոլեկտիվներ:
Մշակույթի օրերի շրջանակում կներկայացվի ժողովրդական («Դաբաղյան» քառյակ, «Էնկանտո» բրազիլական երգչախումբ, Գուրգեն Բավեյան, Դիանա Սահակյան), հոգևոր (Անուշ Քարավիրտ, Լուիզա Սպահն, Քրիստինա Ալթունյան), դասական (Արտակ Կիրակոսյան, Իզաբելա Մելքոնյան, Հրայր Աճեմյան) և ջազային (Արմեն Թութունջյան, Քյոլնի ջազ-համույթ) երաժշտություն: Կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններ և գրքերի շնորհանդես (Միհրան Դաբաղ, Սիբիլե Թելեն, Գայանե Այսլեր, Դողան Ակհանլի, Բենյամին Եհմալեան): Իրմա Սաֆրազբեկյանը հանդես կգ ա Հ. Թումանյանի ստեղծագործական գործունեության մասին դասախոսությամբ, որին կհաջորդի հեքիաթների ընթերցում ու բեմադրություն:
Մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա նաև հայկական տարազների ցուցադրություն (Յուլիա Մութլու), ինչպես նաև կկայանա Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանության փողային նվագախմբի ելույթը: