Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը անվճար կուղորդի զբոսաշրջիկներին
ОбществоԳեղարքունիքի և Կոտայքի մարզերի համար ստեղծված պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը կօգնի մարզի երիտասարդներին և զբոսաշրջիկներին առավել լավ Ճանաչել և կողմնորոշվել տեղի հուշարձաններն այցելելիս:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Թվային հուշարձան» ՀԿ նախագահ Արմեն Գևորգյանը:
«Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի Լոռի և Տավուշ մարզերի համար ժամանակին ստեղծած քարտեզ-ուղեցույցները մեծ արձագանք ստացան, և մենք ցանկացանք մնացած մարզերի համար էլ ստեղծել նման ուղեցույցներ: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում «Էկոտուրիզմի զարգացումը որպես բնության պահպանության գրավական» անվանակարգում հաղթած մեր նախագիծը թույլ տվեց արդեն նախատիպը ունեցող ուղեցույց-քարտեզի ստեղծումը Կոտայքի և Գեղարքուն իքի մարզերի համար», - ասաց «Թվային հուշարձան» ՀԿ նախագահը:
3000 օրինակով տպագրված յուրաքանչյուր ծալովի բուկլետում տեղ են գտել մարզի քարտեզը և առավել կարևոր ու հայտնի հուշարձանները:
Քարտեզները տրամադրվել են մարզկենտրոններին, ովքեր իրենց հերթին պետք է բաժանեն դրանք տեղի կրթական հաստատություններին, զբոսաշրջային ընկերություներին: Բուկլետները նաև տրամադրվել են Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությանը, 42 տուրօպերատորների, ինչպես նաև այլ կազմակերպությունների:
«Մեր համագործակցության շնորհիվ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերն ունեցան քարտեզ-ուղեցույցներ, որոնք հայրենաճանաչության, զբոսաշրջության առումով կարևոր են թե հայաստանաբնակ հասարակության, թե երկիր այցելող հյուրերի համար», - ասաց Հայաստանի ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը:
Բուկլետները տրամադրվում են անվճար, սակայն նախագծի հեղինակները տարակուսեցին, որ Երևանի հյուրանոցներին բաժանելու փորձ կատարելիս նրանք առերեսվեցին մայրաքաղաքի հյուրերին ընդունող կազմակերպությունների անտարբերությանը:
«Արևմտյան Հայաստանի կամ Իրանի տարբեր քաղաքների հյուրանոցներում լինելով` ամենուրեք մենք ականատես եղանք անվճար քարտեզների բաժանելուն, որպեսզի հյուրը հետաքրքրության դեպքում անպայման հնարավորություն ունենա շրջագայել: Ինչը գործում է ողջ աշխարհում, քանի որ հյուրանոցը կարևոր դեր ունի, իր հյուրերին ավելի օգտակար լինելու առաքելություն պետք է ունենա, բայց անտրամաբանական անտարբերության ենք մենք առերեսվել մայրաքաղաքի հյուրանոցներում», - վրդովված նշեց Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետը նշեց, որ հյուրանոցները իրենք պետք է պատվիրատու լինեին նման քարտեզների, բայց նման անվճար նվերից հրաժարվելը, մեղմ ասած, անհասկանալի է:
Արմեն Գևորգյանը հավելեց, որ ծրագրի իրականացման համար դրամաշնորհի շրջանակներում իրենց տրամադրվել էր 2 միլիոն դրամ: Շնորհիվ ՀՃՈՒ հիմնադրամն արդեն հետազոտաել էր Գեղարքունիքի մարզի վերաբերյալ նյութերը, սակայն որոշ մարզեր կան, որոնք լիարժեք հետազոտած չեն և դժվար է ասել, թե որքան գումար կպահանջվի հանրապետության մյուս մարզերի համար նման քարտեզ-ուղեցույց կազմելու համար: