ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Երևանում գտնվող ՀՕՄ Սիրիայի պատվիրակության անդամներին
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ օգնության միության 71-րդ համահայկական պատգամավորական ժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ՀՕՄ-ի Սիրիայի պատվիրակության անդամներին` Զեփյուռ Ռեիսյանին, Աննա Տեր Հակոբյանին, Հռիփ Կանայանին, Թալին Մինասյանին և Անի Մուրադյանին:
Այս մասին Արմենպրեսը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Նախարարը, ողջունելով պատվիրակության անդամներին, նրանց անվանել է Սիրիայում ապրող հերոսուհիներ, ովքեր ամենօրյա ռմբակոծությունների և բռնությունների պայմաններում շարունակում են ազգային-հասարակական գործունեությունը: Այնուհետև հյուրերը նախարարին ներկայացրել են Սիրիայում տիրող իրավիճակը: Նրանք շնորհակալություն են հայտնել սիրիահայության հանդեպ ցուցաբերվող սրտացավության և պատրաստակամության համար և նախարարին են հանձնել Հալեպի հայկա կան ծերանոցի տնօրեն Ավո Գաթրջյանի և Սիրիահայ օգնության խաչի շրջանային վարչության ատենադպիր Մարալ Տիքբիքյանի նամակները: Նախարարի նախաձեռնությամբ ազգային բարերար, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ծանր վիճակում հայտնված Հալեպի հայկական ծերանոցին:
Զրույցի ընթացքում կարևորվել է ՀՕՄ-ի պատգամավորական ժողովի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ օգնության միության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, որը լայն հնարավորություններ է տալիս հետագա համագործակցությունն ընդլայնելու համար: