Փոխնախարարն այցելել է հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալներին
ОбществоՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հա ցադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սուրեն Քրմոյանն և Ռաֆայել Հովհաննիսյանը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները և հորդորել են ցմահ դատապարտյալներին դադարեցնել հացադուլը` զերծ մնալով ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Բացի այդ` նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին:
ՀՀ արդարադատության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները՝ ձեռնարկելով գործուն քայլեր դրանց լուծման ուղղությամբ:
Իր հերթին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող 45 ցմահ դատապարտյալների առողջական վիճակը գնահատվում է բավարար: