Դավիթ Խանջյանի հիշատակին նվիրված երեկոյին ելույթ են ունեցել դիրիժորի ժառանգները
ОбществоԱրամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցող համերգները յուրատեսակ երաժշտական նվիրումներ են մեծանուն արվեստագետներին։ Հոկտեմբերի 13-ին Կամերային երաժշտության տանը կայացած համերգը նվիրված է եղել անվանի դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Խանջյանի 75-ամյակին։
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից` երեկոյի ընթացքում հանդես են եկել թավջութակահարներ Սուրեն Բագրատունին (ԱՄՆ) և Հակոբ Աթյանը, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Զարուհի Խանջյանը։ Հակոբ Աթյանը Դավիթ Խանջյանի թոռն է, իսկ Զարուհի Խանջյանը՝ դիրիժորի դուստրը։ Երեկոյի ընթացքում հնչել են Հենդելի, Բախի, Շոպենի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը բարձր է գնահատել Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչների վերաբերմունքը Դավիթ Խանջյանի նկատմամբ։ «Դավիթ Խանջյանն անզուգական երաժիշտ էր, կարճ ժամանակաշրջանում գծեց մի ամբողջ դարաշրջան, եղավ նորարար թե ծրագրային փոփոխությունների, թե կոնցեպտուալ հարցերի, թե կազմակերպչական առումներով։ Նա քրմի նվիրվածությամբ մեծ ծառայություններ է մատուցել մեր մշակույթին: Դիրիժորական վահանակի հետևում մոլեռանդ արտիստ էր։ Ցավոք, շատ շուտ ավարտվեց նրա կյանքը, սակայն ինձ թվում է՝ նա մեզ հետ է, և այսօրվա երեկոն դր ա ապացույցն է։ Ես սակավաթիվ մենակատարներից եմ եղել, որ մշտապես նվագել են նրա հետ, ունեցել եմ այդ երջանկությունը»,- նշել է Սվետլանա Նավասարդյանը։
Զարուհի Խանջյանն ընդգծել է, որ հայրը հպարտ կլիներ՝ տեսնելով, որ զավակները շարունկում են իր գործը, ապրեցնում իր գաղափարները։ Նա նկատել է, որ ուրախ են հատկապես այս կազմով մասնակցել խաչատրյանական փառատոնին։ Սուրեն Բագրատունին էլ հիշել է, որ հենց սկսել է ինչ-որ բան հասկանալ երաժշտությունից, այցելել է Դավիթ Խանջյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի համերգներին, որոնք հիանալի հուշեր են իր համար։ Ըստ նրա՝ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչները շատ ճիշտ որոշում են կայացրել՝ վառ պահել հայ մեծանուն երաժիշտների հիշատակը ։ Խաչատրյանի անվան մի ջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերներին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին հետևելու հնարավորություն է տալիս առցանց՝ SYOA TV-ի միջոցով։