Կստեղծվի տնտեսական համագործակցության հայ-իսպանական միջկառավարական հանձնաժողով
ЭкономикаՀայաստանի և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև կստորգրվի տնտեսական համագործակցության համաձայնագիր, որը մշակվել է Իսպանիայի հետ առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և երկու երկրների միջև տվյալ բնագավառի հարաբերությունների կանոնակարգման նպատակով: Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար ակտիվությունը:
Համաձայնագրով նախատեսվում է տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաև ստեղծել տնտեսական համագործակցության հարցերով հայ-իսպանական միջկառավարական հանձնաժողով: