Օքսֆորդի համալսարանի գրադարանում ցուցադրվելիք հայկական ավետարանի ջնջված պատկերը կվերականգնվի
Культура17-րդ դարով թվագրվող հայկական ավետարանի մի անկյունում թաքնված չարքի պատկերը, որը ընթերցողի կողմից մտադրված մաքրվել էր, դարեր անց կրկին կվերականգնվի:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին գրում է բրիտանական Guardian պարբերականը:
Ավետարանի հոյակապ մանրանկարների հեղինակը գրիչ, ծաղկող և աստվածաբան Խիզանցի Մեսրոպն է, ով այն գրել է 400 տարի առաջ: Չարքի պատկերը կվերականգնի Օքսֆորդում Բոդլեյան գրադարանի պահպանողական ուսումնասիրության ղեկավար Դևիդ Հոուելը, ով կկիրառի հիպերսպեկտրալ պատկերումը՝ որպես հայկական գանձերի ցուցադրության մաս: Հոկտեմբերի 23-ին մեկնարկող ցուցադրությունը նվիրված կլինի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, ցեղասպանություն, որը ողջ մնացած հայկական ընտանիքներն ու նրանց ունեցվածքը ցրեց աշխարհով մեկ:
Աշխարհի համալսարանական գրադարանների շարքում մեծագույններից ու հնագույններից մեկը համարվող Բոդլեյան գրադարանը սկսել է հայկական ձեռագրեր հավաքել դեռ 17-րդ դարից սկսած, թեպետ դրանցից շատերը շատ ավելի հին են: Օրինակ, այդտեղ պահվում է 11-րդ դարով թվագրվող ձեռագիր, որը համարվում է Իրանում տպագրված առաջին գրքի միակ հայտնի պատճենը:
Բոդլեյան ցուցադրությունը կներկայացնի հայկական մշակույթի ավելի քան 200 տարվա պատմությունը: Գրադարանի տնօրեն Ռիչարդ Օվենդենը նշել է, որ ցուցադրությանը կներկայացվեն առանձնահատուկ գեղեցկություն ունեցող շատ գործեր: «Բոդլեյան գրադարանը պատիվ ունի մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջացառումներին՝ օգնելով ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին»,- նշել է Օվենդենը:
Ցուցադրությանը կներկայացվի խորանի՝ մորագույն, մետաքսե վարագույրը՝ կարված արծաթե թելով, որը 1788 թվականին հանձնվել է ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տարոն բնակավայրի Սուրբ Կարապետ վանք: 4-րդ դարում հիմնված վանքը, սակայն, քանդվել է 1915 թվականից հետո:
Դիտարժան ձեռագրերից բացի, ցուցադրությանը ներկայացված կլինեն նաև հայկական ընտանիքներին պատկանող թանկարժեք իրեր, լուսանկարներ և տեքստիլ, 1890-ով թվագրվող ժանյակավոր օձիք, սուրբ Գրիգոր Նարեկացու պատառոտված «Նարեկը», որը հայկական մի ընտանիքի սերունդների ձեռքով է անցել: