Արարատի մարզում խաղողագործները դժգոհում են մթերման գործընթացից
ОбществоԱրարատի մարզում խաղողագործներն անհանգստացած են բերքի մթերման գործընթացի, մթերման գնի կապակցությամբ: Վերամշակող կազմակերպությունների մի մասը խաղողը մթերում է անգամ 40 դրամով: «Մենք պետք է հանձնենք 30 տոննա բերք, որպեսզի ներդրած ծախսը կարողանանք մարել եւ հետո հաջորդ տոննաներն արդեն համարենք եկամուտ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին խաղողագործները` ավելաց նելով, որ մթերման գնի նվազման հետևանքով չեն կարողանում նույնիսկ արված ծախսերը ետ բերել:
Նրանք ասացին, որ հնարավորության դեպքում խաղողը կհանձնեն գործարաններին, իսկ մնացած չափաքանակից, որը գործարանը չի ընդունի, ստիպված տնային պայմաններում գինի եւ օղի կպատրաստեն կամ լեռնային գոտիներում կփոխանակեն ընդեղենի, հատիկեղենի եւ բանաջարեղենի հետ` այդ ձեւով լուծելով ձմեռվա ապրուստի խնդիրը:
«Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե` իրականում ի՞նչն էր պատճառը, որ այս տարի մթերման գործընթացն առաջացրեց դժգոհություններ եւ դժվարություններ,Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւբնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը որպես առաջին պատճառ նշեց բերքի առատությունը: Հաջորդ խնդիրն ըստ Տերտերյանի այն է, որ նախորդ տարի արտերկրում խմիչքը վատ է իրացվել, պահեստները լիքն են, ե ւ վերամշակողն այլեւս չի ցանկանում ընդունել բերքը: «Պատճառներից մեկն էլ, կարծում եմ, ռուբլու փոխարժեքի տատանումն էր, որը եւս լուրջ խնդիր առաջ բերեց. մեկ շիշը դրսում վաճառելուց հետո, գործարանատերն այն վերածելով դրամ`, ունենում է ավելի քիչ գումար, քան նախորդ տարիներին էր ստանում, ինչն արդեն հանգեցնում է վնասով աշխատելուն»,-նկատեց վարչության պետը:
Նրա խոսքով` շրջելով համայնքներում, առաջին բանը որ նկատել է` այգեգործների հիասթափությունն է: «Շատերն արդեն չեն ցանկանում զբաղվել այդ գործով, սակայն այգիները քանդելը եւս հեշտ բան չէ: Տարիների տքնաջան աշխատանքը, որն արդեն արդյունք պետք է տար, եւ գյուղացին վերջապես տեսներ իր չարչարանքի արդյունքը, վերցնել եւ ջուրը գցելը եւս ճիշտ չէ»,-նկատեց նա:
Վարչության պետը միաժամանակ սեղանի սորտեր ունեցողներին խորհուրդ տվեց հնարավորության դեպքում սառնարանային տնտեսություններ հիմնել և ստացված բերքը ձմռանը վաճառել ավելի բարձր գնով կամ արտահանել:
Տերտերյանն ընդգծեց մեկ հանգամանք ևս. հոկտեմբերի 13-ին արձանագրվել է +130C ջերմաստիճան, ինչը նշանակում է, որ այգիներում խաղողի քաղցրությունն արդեն վաղուց չի ավելանում, իսկ մթերողները գինը որոշում են նաեւ կախված քաղցրությունից:
Այս տարի Արարատի մարզում արտադրվել է շուրջ 124 հազար տոննա խաղող, որից, սեպտեմբերի 14-ի տվյալներով, մթերվել է 99 հազար 685 տոննան: Մարզում երեք գործարաններ` Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը, Արարատի գինու, կոնյակի, օղու կոմբինատի Մասիսի մասնաճյուղը եւ Ավշարի գինու գործարանը, մթերումն իրականացնում են 150 դրամով: Մինչ օրս նրանք մթերել են, համապատասխանաբար, 13710 տ, 20620 տ եւ 3495 տ խաղող: Վերջին գործարանում մթերման գործընթացը շարունակվում է, եւ մթերման ծավալների թիվը դեռեւս կավելանա: