Ադրբեջանը գնում է արդյունքներով նախապես հայտնի ընտրությունների. կուսակցապետ
ОбществоԱդրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները նախապես հայտնի են, այդ պատճառով էլ երկրում ընտրական մթնոլորտ չի զգացվում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին moderator.az կայքի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի մտավորականների կուսակցության առաջնորդ Գուլամհուսեին Ալիբեյլին:
Նրա խոսքով` ընտրական մթնոլորտի չզգացվելու պատճառն ընտրությունների նկատմամբ ադրբեջանական հասարակության նվազ հավատն ու արդյունքների նախապես հայտնի լինելն է:
Կուսակցապետն ասել է, որ թեկնածուների մեծ թվաքանակը (1246) ձեւականությունից բացի այլ բան չէ, եւ նրանց շատությունը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ընտրական գործընթացի վրա:
Գուլամհուսեին Ալիբեյլին հայտարարել է, որ Մտավորականների կուսակցության ղեկավարությունը նախապես տեսել է այդ բոլորը եւ այդ պատճառով է, որ որոշել է չմասնակցել ընտրություններին:
«Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թեկնածուների հայտարարված` 1246 թվաքանակն այսօրվա դրությամբ 230 հոգով նվազել է` վերջիններիս կողմից ընտրությունները բոյկոտելու պատճառով:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին արդեն հայտարարել է իրական ընդդիմությունը` այդ թվում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ եւ Մուսավաթ կուսակցությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ»-ի մեջ մտնող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները:
Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունների դիտորդությունից պաշտոնապես հրաժարվել են նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը:
«Ազադլըգ»-ը գրում է, որ ընտրություններին երկու շաբաթ ժամանակ մնացած թեկնածուների եւ միջազգային կազմակերպությունների կողմից դրանք բոյկոտելը խոսում է նոյեմբերի 1-ին «մեծ շոու» լինելու մասին:
«Եթե այսպես շարունակվի, ընտրություններին կմասնակցեն 125 թեկնածու` այնքան, ինչքան պատգամավորական տեղեր կան խորհրդարանում, եւ Ադրբեջանը կունենա «հատուկ նշանակվածների» խորհրդարան: Մի խոսքով` բոլոր իմաստներով ադրբեջանական հասարակությունը գնում է բոյկոտված ընտրության», - գրում է թերթը:
Ժողովրդական ճակատ կուսակցության գլխավոր խորհրդի նախագահ Հասան Քարիմովը թեկնածուների կողմից թեկնածությունից հրաժարվելու պատճառը համարում է այն, որ արդեն հայտնի է, թե ովքեր են պատգամավոր ընտրվելու, եւ խորհրդարանն, իրականում, նշանակովի է լինելու, իսկ ընտրությունը միմիայն արշավի բնույթ է կրելու:
«Դա միմիայն աչքակապոցին ծառայող արշավ է լինելու: Այդ պատճառով էլ թեկնածություն առաջադրած անձինք հասկացել եւ համոզվել են, որ չեն ընտրվելու եւ հետ են վերցրել իրենց թեկնածությունը», -ասել է նա: