ՄԻԵԴ վճիռը Դողու Փերինչեքի գործի վերաբերյալ չի ազդի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի կիրառման վրա
ОбществоՄԻԵԴ-ի Մեծ պալատում քննարկված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը ցեղասպանության հարցին կամ դրա հետեւանքներին չի վերաբերում, իսկ վճիռը չի կարող ազդեցություն ունենալ Եվրոպայի 4 երկրներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կիրառման վրա:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը հիշեցնում է, որ գոյություն ունի 2008 թ. ԵՄ շրջանակային համաձայնագիր, համաձայն որի այլատյացության դեմ ցանկացած քայլ պետք է դատապարտվի: «Պարզապես շվեյցարական օրենքը չէր հենվում այդ շրջանակային հռչակագրի վրա, եւ թուրքերն էլ հասկացան, որ ամենաթույլ օղակը դա է: Եթե Հունաստանում, Կիպրոսում կամ Սլովակիայում որեւէ մեկը մերժի Հայոց ցեղասպանությունը, ապա այդ շրջանակային համաձայնագիրը միանշանակ գործելու է»,- ասաց Արմեն Մարուքյանը: Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղյակ են նաեւ այն փաստին, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան, եւ իրենք էլ շատ լավ գիտեն, որ Թուրքիայում հայցը մերժվելուց հետո այն նույնպես քննարկվելու է ՄԻԵԴ-ում: «Կարծում եմ, թուրքերը հենց այդ պատճառով են ձգձգում Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ լուծումը, քանի որ սպասում են` տեսնեն, թե ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի հարցի առնչությամբ ինչ որոշում է կայացնելու»,- ասաց Արմեն Մարուքյանը: