2018 թվականին հայաստանյան էլեկտրահամակարգը կինտեգրվի ԵԱՏՄ էներգահամակարգին
ОбществоՀայաստանը պատրասվում է մինչև 2036 թվականը փուլ առ փուլ ազատականացնել էլեկտրաէներգետիկ շուկան՝ դրա արդյունավետությունը բարձրացնելու ու ներդրումներ խթանելու նպատակով:
Այս մասին Արմենպրեսի փոխանցմամբ՝ Հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարներինախարար Երվանդ Զախարյանը: Նախարարն իրանցի գործարարներին ներկայացրեց էներգետիկայի ոլորտում կառավարության նախանշած առաջնահերթությունները և դրա արդիականացմանն ուղղված աշխատանքները:
«Տարածաշրջանային համագործակցության առումով կարեւորվում է Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը։ 2018 թ. Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո կստեղծվի զուգահեռ աշխատանքի հնարավորություն, հնարավոր կդառնան նաեւ էլեկտրահամակարգի ինտեգրումը ԵԱՏՄ երկրների էներգետիկ համակարգին եւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծումը։ Այս հանգամանքը կնպաստի ներդրումների ներգրավմանը նաեւ ավանդական արտադրական հզորությունների զարգացման համա ր»,- ասաց նախարարը:
Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագիրը կպահպանվի նաև 2027 թ. հետո՝ նշելով, որ այն տնտեսապես փոխշահավետ է երկու երկրների համար։ «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2026 թ.՝ հաշվի առնելով, որ տնտեսապես շահավետ այլընտրանք այսօր չկա։ 2027 թ. շահագործման կհանձնվի նոր միջուկային էներգաբլոկը։ ՀԱԷԿ-ի գործող բլոկի շահագործումից դուրս բերումը նախատեսվում է 2026-2036 թթ.։ Ավելի կարճաժամկետ հեռանկարում՝ 2018 թ. կկառուցվի նոր ջերմային համակցված ցիկլո-շրջագազային էլեկտրակայանքը՝ 220 մեգավատտ հզորությամբ»,- ՀՀ էներգետիկ ոլորտի երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերը ներկայացրեց Զախարյանը:
Բացի այդ, 2024 թ. նախատեսվում է «Ստրեպ» ծրագրի շրջանակում կառուցել եւ շահագործման հանձնել 30 մեգավատտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան։ Նախարարի գնահատմամբ՝ ծրագիրն իրատեսական է, եթե 2015 թ. հորատման արդյունքում հաստատվի երկրաջերմային աղբյուրի պոտենցիալը։