Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումներն իրատեսական են. Գարեգին Մելքոնյան
ЭкономикаՀայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումները հիմնված են հստակ հաշվարկների և վերլուծությունների վրա և իրատեսական են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՎԶԵԲ-ը Հայաստանի համար այս տարի 1-3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել, մինչդեռ կառավարությունը մինչև 4 տոկոս տնտեսական աճ է ակնկալում:
«Կառավարությունն այդ կանխատեսումներն իրականացնում է հստակ հաշվարկների և վերլուծությունների հիման վրա, որոնք մենք պարբերաբար իրականացնում ենք: Տարեվերջին շատ քիչ ժամանակ է մնացել, և դուք շուտով կհամոզվեք, որ կառավարության կանխատեսումներն իրատեսական են և իրականացել են հայտարարվածի շրջանակներում»,- նշեց Մելքոնյանը:
Դիտարկմանը, թե Հայաստանում զգալիորեն կրճատվել են ներդրումները և տրանսֆերտները, փոխնախարարն ընդգծեց, որ թե' արտաքին առևտրի, թե' ներդրումների վերաբերյալ վիճակագրական տվյալները տարեսկզբի համար փոխվել են դեպի լավը:
«Բոլորիդ համար պարզ է, որ տարեսկզբին տարածաշրջանի տնտեսական բարդ իրավիճակն իր ազդեցությունը պետք է ունենար նաև Հայաստանի տնտեսության վրա, որովհետև տնտեսական բարդ վիճակում հայտնված որոշ երկրներ մեր գործընկերներն են արտաքին առևտրի ոլորտում, որոշ երկրներ՝ ներդրումների առումով, իսկ որոշ երկրների հետ էլ ունենք կապակցվածություն տրանսֆերտների մասով: Այսինքն` բոլոր այս արտաքին գործոնները, բնականաբար, ազդեցություն են ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա: Սակայն ցանկանում եմ նորից կրկնել, որ տարեսկզբի համեմատ տարվա այս հատվածում մենք ունենք անհամեմատ ավելի բարելավված վիճակ, և այն կանխատեսումները, որ մենք հրապարակել ենք ընդհանուր տնտեսական պատկերի և տարին ամփոփող ցուցանիշների հետ, ես կարծում եմ, որ շատ իրատեսական են»,- եզրափակեց փոխնախարարը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը հայտարարել է, որ ՎԶԵԲ-ն այս տարի Հայաստանի համար կանխատեսում է 1-3 տոկոս տնտեսական աճ: Մինչդեռ, օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահություն էր հայտնել, որ տարեվերջին Հայաստանը 3.5-ից մինչև 4 տոկոս տնտեսական աճ կարձանագրի: