ԿԸՀ-ն պարզաբանում է ներկայացրել հանրաքվեի անցկացմանը վերաբերող հոդվածի առնչությամբ
Общество2015 թվականի հոկտեմբերի 14-ի www.iravaban.net կայքի «ԿԸՀ-ն պատրաստվում է հանրաքվեին. անհետացող թանաքն արդեն իսկ գնվել է բավականին թանկ գնով» վերտառությամբ հրապարակման մեջ կատարվել են ոչ լիարժեք հաշվարկներ, և արվել է եզրահանգում, ըստ որի` նախորդ համապետական ընտրություններից շուրջ երեք տարի անց դրոշմակնքման համար նախատեսված հատուկ թանաքանյութը և դրոշմակնքման բարձիկները նույն կազմակերպությունից ձեռք են բերվել գրեթե կրկնակի անգամ թանկ գնով:
Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած պարզաբանման մեջ, որում մասնավորապես ասված է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ներկայացված հաշվարկը թերի է, հետևաբար դրա հիմքով կատարված դատողություններն ու եզրահանգումները չեն համապատասխանում իրականությանը:
Այսպես` 2013 թվականի համապետական ընտրություների ժամանակ ձեռք բերված 2.300 սրվակ հատուկ թանաքանյութի և նույնքան էլ դրոշմակնքման բարձիկների համար գումարի վճարումը կատարվել է երկու մասով, մինչդեռ հրապարակման մեջ նշված է փոխանցվող գումարի միայն առաջին չափաքանակը:
Մասնավորապես`
- սկզբնական վճարվել է ձեռք բերվող ապրանքի 70%-ը. 2012 թվականի դեկտեմբերի 21-ին փոխանցվել է 10.416.101 դրամ (21.12.2012թ. ՀՀ ԿԲ–ի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.75 դրամ, այսինքն փոխանցվել է 25.735 ԱՄՆ դոլար),
- ապրանքն ամբողջությամբ մատակարարվելուց հետո կատարվել է մնացած 30% վճարումը. 2013 թվականի հունվարի 23-ին 4.462.956 դրամ (23.01.2013թ. ՀՀ ԿԲ–ի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.44 դրամ, այսինքն փոխանցվել է 11.007 ԱՄՆ դոլար):
Այսինքն, 2.300 սրվակի և դրոշմակնքման բարձիկների համար փոխանցվել է ընդամենը 14.879.057 դրամ կամ 36.742 ԱՄՆ դոլար:
Այսինքն մեկ սրվակի և մեկ բարձիկի համատեղ գինը կազմել է 16 ԱՄՆ դոլար (36.742 : 2300):
2015 թվականին ձեռք բերվող հատուկ թանաքանյութի 2.500 սրվակի և նույնքան էլ դրոշմակնքման բարձիկների համար ՀՀ Կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 663-Ն որոշմամբ հատկացվել է 21.372.794 դրամ:
18.06.2015թ. ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 473.96դրամ, համաձայն որի` 21.372.794 դրամը հավասար է 45.094 ԱՄՆ դոլարի:
Այսինքն մեկ սրվակի և մեկ բարձիկի համատեղ գինը կկազմի 18 ԱՄՆ դոլար (45.094 : 2.500):
2 ԱՄՆ դոլար գնային տարբերությունն առաջացել է` պայմանավորված 2012թ. և 2015թ. մեկ սրվակ թանաքանյութի, մեկ բարձիկի և օդային փոխադրումների գնային տարբերությամբ: Հարկ ենք համարում լրացուցիչ նշել, որ օդային փոխադրման արժեքը ներառվում է մատակարարվող ապրանքի գնի մեջ: