ԻԻՀ-ն ՀՀ-ի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ և Սև ծով. Իրանի տրանսպորտի նախարար
ЭкономикаՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Համիդ Բեհբահանին: Ողջունելով իրանցի պաշտոնակցին՝ Գագիկ Բեգլարյանը հույս է հայտնել, որ երկկողմ այցերն ու սերտ համագործակցությունը կակտիվացնեն հայ-իրանական գործընկերությունը տրանսպորտի ոլորտում՝ նշանակալի շահ բերելով երկու պետությունների տնտեսություններին:
«Մեր ժողովուրդներն աշխարհին հայտնի են իրենց աշխատասիրությամբ, ստեղծագործ մեծ փորձով, այդ հանգամանքը ևս մեր երկկողմ հարաբերություններում պետք է գերակշիռ լինի»,- ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի վարչությունից` նշել է նախարարը: Համիդ Բեհբահանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանի ու Իրանի միջև արդեն գոյություն ունեցող բազմամյա բարիդրացիական կապերն ու գործնական շփումները:
«Մեր պետությունները դարեր շարունակ եղել են մեկ քաղաքակրթության մեջ և մենք նոր հարաբերություններ, կապեր հաստատելու խնդիր չունենք, պարզապես պետք է դրանք խորացնենք: Այս հանգամանքն ավելի է հեշտացնում մեր աշխատանքը:
Մեր շահերը փոխադարձ են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գործարար հարաբերություններում: Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով: Իսկ Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ, ինչպես նաև Սև ծով»,- ասել է Իրանի իսլամական հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարարը:
Հանդիպման ընթացքում՝ նախարարներն անդրադարձել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծին, ինչպես նաև ավտոմոբիլային բարձրակարգ ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս -հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման գործում:
Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իրանցի պաշտոնակցի կողմից հրավեր է ստացել այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն: Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ առաջիկայում անպայման կնախատեսի նման այց: