«Սահմանին». հայկական բանակի կյանքը կներկայացվի բազմասերիանոց ֆիլմի միջոցով
КультураՀայոց բանակի կյանքը կներկայացվի նոր բազմասերիանոց ֆիլմի միջոցով: Նոյեմբերից «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Սահմանին» անունը կրող նոր սերիալը, որի ստեղծմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Արմենպրես-ի հետ զրույցում Ռոման Մուշեղյանը տեղեկացրեց, որ ֆիլմն այսօրվա առաջնագծում գտնվող հայ զինվորի կյանքի, առօրյայի մասին է: «Դեռ պատրաստվում է առաջին սեզոնը, երևի 12 մասից է լինելու: Հետագայում երկրորդ սեզոն կլինի: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանի տարբեր մարզերում, զորամասերում, սարերում, անտառներում»,-նշեց ռեժիսորը:
Ռոման Մուշեղյանը հավելեց, որ ֆիլմին մեծ աջակցություն է ցուցաբերում ՀՀ պաշտպանության նախարարությունը` խորհրդատվությամբ, տեխնիկայով և մի շարք այլ հարցերով:
Ռեժիսորի խոսքով` հիմնական պատմությունը ձևավորվում է չորս հոգուց բաղկացած հակադիվերսիոն հատուկ խմբի շուրջ, ովքեր սահամանային տարբեր գոտիներում լուրջ խնդիրներ են լուծում: «Գեղարվեստական ֆիլմ է, այս 12 սերիան նկարահանում ենք օգոստոսից, բավականին պատրաստվել ենք»,- ընդգծեց Ռոման Մուշեղյանը:
Ֆիլմում խաղում են Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Աֆրիկյանը, Էդգար Իգիթյանը և այլք։
«Սահմանին» ֆիլմն իր շուրջ է համախմբել լուրջ անձնակազմի. ստեղծագործական թիմը մանրակրկիտ աշխատում է յուրաքանչյուր սերիայի վրա, և սպասում հանդիսատեսի արձանգանքին: Ռեժիսորի հավաստմամբ` արդեն ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, որը նկատելի է հատկապես սոցիալական ցանցերում: