Բնապահպանության նախարարը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ
ОбществоՀՀբնապահպանության նախարար ԱրամայիսԳրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված երկրների դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների այլ պաշտոնյաների հետ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, hանդիպմանը ներկայացվել է այս տարեվերջին Փարիզում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին ընդառաջ Հայաստանի Հանրապետության ընդունած «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը և ՌԴ, ԱՄՆ, Ճապոնիայի, Իրանի, Հնդակաստանի, Ռումինիայի, Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաներ:
«ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և սահմանված կարգով սեպտեմբերի 28-ին ներկայացվել կոնվենցիայի քարտուղարություն: Փաստաթղթի ձևավորմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կազմակերպվել են քննարկումներ և իրազեկման հանդիպումներ”, - ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրգորյանը:
Բնապահպանության նախարարը նաև նշել է, որ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթը հավանության է արժանացել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, ինչպես նաև հասարակական լսումների ընթացքում:
ՀՀ բնապահպանության նախարարը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ նախատեսված գործողությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության 2015-2025 թվականների ռազմավարական ծրագրին և կնպաստեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Հանդիպմանը դեսպաններին ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձգտելու է 2050 թվականին հասնել էկոհամակարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի չեզոք արտանետումներին, ինչի համար ակնկալվում է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական օժանդակությունն ու կարողությունների ամրապնդման նպատակով աջակցությունը:
ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նկատել է, որ Հայաստանն առաջատար երկրներից է փարիզյան հանդիպմանը պատրաստ լինելու և «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթղթով ստանձնած հանձնառությունները կատարելու առումով: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և համոզմունք արտհայ տել, որ միջազգային հանրության հետ արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի մեծ ծավալներ կստանա` հատկապես այնպիսի հիմնախնդրի լուծման հարցում, ինչպիսին է գլոբալ կլիմայական փոփոխությունների մեղմումը: