Գյուղարտադրությունում արդյունավետ տնտեսավարմանը խոչընդոտում են գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը. նախարար
ЭкономикаԳյուղնախարար Սերգո Կարապետյանի համար իր գլխավորած ոլորտում դեռևս մտոհոգիչ է գյուղատնտեսական հողատեսքերի՝ հատկապես վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման վիճակը:
«Գյուղատնտեսական արտադրությունում արդյունավետ տնտեսավարմանը դեռևս լրջորեն խոչընդոտում են գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը: Ստեղծված իրավիճակում, չնայած որոշակի առաջընթացի, դանդաղ են ընթանում տնտեսությունների խոշորացման, կոոպերացման, գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեության խթանման գործընթացները»,- ասաց Կարապետյանը` «Հայագրոֆորում» համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով` խնդիրներ են առկա կապված գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման, սերմնաբուծության համակարգի բարելավման, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացման, տոհմային գործի կազմակերպման հետ: Կարևորագույն հիմնախնդիր է մնում գյուղատնտեսական մթերքների իրացումը, որն իր տարբեր դրսևորումներն ունեցավ այս տարի:
«Առկա խնդիրներից է նաև նոր տեխնոլոգիաների ներդրման դանդաղ ընթացքը, մասնավորապես` կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների հիմնման և այլն: Հիշատակված խնդիրների լուծմանն էլ նպատակաուղղված է ոլորտում վարվող քաղաքականությունը»,- ընդգծեց նախարարը: