Հենրիկ Մալյանի անվան թատրոնի 35-ամյակի առթիվ կանցկացվի հոբելյանական երեկո
КультураՀենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հոկտեմբերի 17-ին կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված թատրոնի հիմնադրման 35-ամյակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կներկայացվի թատրոնի և նրա հիմնադիր Հենրիկ Մալյանի ստեղծագո րծական կենսագրության մասին արխիվային նյութերի ցուցադրություն: Կընթերցվեն Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև կներկայացվեն թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից հումորային հատվածներ:
1980 թվականին հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանը հիմնեց կինոդերասանների թատրոն-ստուդիա, որը բացառիկ երևույթ էր 80-ականների մշակույթում: 1988-ին թատրոն-ստուդիան վերանվանվեց` կոչվելով հիմնադրի անունով: Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանի դուստրն է` Նարինե Մալյանը, ով շարունակում է հոր սկսած գործը: