Գյուղնախարարն արտահանման ծավալները կրկնապատկելու իրական նախադրյալներ է տեսնում
ЭкономикаԳյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների աճը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալների ավելացմանը: Հոկտեմբերի 16-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 62 հազար 300 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 31 հազար 100 տոննա պտուղ և հատապտուղ, որից` 21 հազար 300 տոննա ծիրան: Խ աղողի արտահանման ծավալը կազմում է 7 հազար տոննա, նախորդ տարվա 4 հազար 900 տոննայի դիմաց:
Այդ մասին «Հայագրոֆորում» համաժողովի ժամանակ իր զեկույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«2014 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է 37 հազար 800 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ: Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 65.1 տոկոսով, իսկ 2014 թվականի արտահանման տարեկան ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է 33.6 տոկոսով (15.6 հազ. տոննայով):
Արտահանման գործընթացը շարունակվում է, և իրական նախադրյալներ կան նախորդ տարվա համեմատությամբ ծավալների գրեթե կրկնապատկման համար»,- ասաց Կարապետյանը:
Նախարարի խոսքով` ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը: Արտահանման ծավալների մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության բաժինը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի 83.6 տոկոսը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 39.6 տոկոսի դիմաց:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշտապես աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրների և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ` բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ապահովման ուղղությամբ, որի ընթացքում իրականացվում են տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր»,- շեշտեց նախարարը: