Հայաստանն ու ԵԱԶԲ-ն քննարկում են 300 միլիոն դոլար արժողությամբ վարկային նոր ծրագիրը
ЭкономикаԵվրասիական զարգացման բանկի ղեկավարության հայաստանյան այցի շրջանակներում կայացել է հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:
Ինչպես հայտնեցին ԵԱԶԲ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանում բանկի գործունեության միջանկյալ արդյունքները և հստակեցվել են հետագա համագործակցության ուղղությունները:
Այցի ընթացքում Հայաստանի կառավարության և Կայունության և զարգացման Եվրասիական հիմնադրամի (միջոցները տնօրինում է ԵԱԶԲ-ն) միջև ստորագրվել է համաձայնագիր «Ոռոգման համակարգերի արդիականացման» նախագծի շուրջ, որով Հայաստանին տրամադրվել է 40 միլիոն դոլար վարկ:
Համաձայն փաստաթղթի` 2016 թվականին կմեկնարկի «ոռոգման համակարգերի արդիականացման» 5-ամյա նախագիծը, որի ընդհանուր ֆինանսավորումը 50 միլիոն դոլար է` 40 միլիոնը ռուսական կողմից վարկի տեսքով և 10 միլիոնը Հայաստանի համաֆինասնավորմամբ:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսերը, նախնական հաշվարներով` ոռոգվող տարածքների ակնկավող ծավալը կհասնի 10 հազար 433 հեկտարի:
Կողմերը անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին: Հոկտեմբերին ուժի մեջ է մտել համաձայնագիր, որով Կայունության և զարգացման Եվրասիական հիմնադրամը տրամադրել է 150 միլիոն դոլար վարկ նախագծի իրականացման համար:
Քննարկվել է նաև բարեփոխումների եռամյա ծրագրի համար 300 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրելու հարցը: Այս պահին հարցը գտնվում է հիմնադրամի խորհրդի ուսումնասիրության ներքո: Դրական պատասխանի դեպքում առաջին տրանշը` 100 միլիոն դոլարի չափով, կտրամադրվի մինչ ընթացիկ տարվա վերջ: