Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ոլորտին վերաբերող արդիական հարցերն ուշադրության կենտրոնում են
ОбществоԱնեսթեզիայի համաշխարհային օրվա առթիվ` ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի հրավիրած նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման առանցքում են եղել անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների մասնագիտական գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
«Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չենք կարող պատկերացնել ժամանակակից բժշկությունը: Անեսթեզիոլոգիայի զարգացմամբ է առաջին հերթին պայմանավորված վիրաբուժության մեջ նորարարությունների ներդրումը»,- շնորհավորելով քննարկման մասնակիցներին մասնագիտական օրվա առթիվ` նշել է Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ օրակարգային է մարզերում որակյալ մասնագետների պակասը լրացնելու խնդիրը:
ՀՀ առողջապահության նախարարի գնահատմամբ` առաջնային է նաև իրավական դաշտի ապահովման, ոլորտի չափագրման, ինչպես նաև ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցը:
Առողջապահական համակարգում բարեփոխումների իրականացման, ոլորտի չափագրման, գործելակարգերի և ուղեցույցների մշակման գործում նա մեծապես կարևորել է մասնագիտական միավորումների աշխատանքը` հորդորելով վերոնշյալ հարցերի շուրջ ներկայացնել առաջարկներ:
Անմիջական զրույց է ծավալվել բժիշկների իրավունքների, պաշտպանվածության, մասնագիտական շարունակական զարգացման հարցերի շուրջ: Նախարարը պատասխանել է մասնակիցներին հուզող մի շարք հարցերի:
Ընդգծելով այս կարևոր ծառայության բարելավումն ու մասնագետներով ապահովվածությունը` Արմեն Մուրադյանը պատրաստակամություն է հայտնել շարունակական դարձնել նման ձևաչափի հանդիպումները` ոլորտի խնդիրներն համակողմանի քննարկելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով:
Քննարկումը եզրափակվել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանի գրքի շնորհանդեսով, ուր հեղինակն անդրադարձել է ինտենսիվ թերապիային, ծանր վարակների հակաբակտերիալ բուժմանը, մասնագիտական շրջանակում լայն հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հոկտեմբերի 16-ին նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը (World Anaesthesia Day): 1846 թ. հոկտեմբերի 16 –ին ամերիկյան ատամնաբույժ Թոմաս Մորթոնը եթերային անզգայացմամբ կատարել է առաջին վիրահատությունը: