Կառավարությունը 6 տոկոսով կսուբսիդավորի գյուղատնտեսական վարկերը
ЭкономикаՀՀ կառավարությունը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով:
Հոկտեմբերի 16-ին «Հայագրոֆորում» համաժողովի բացմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «14 տոկոսանոց վարկը հողօգտագործո ղներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը»,- մանրամասնեց վարչապետը:
Ողջունելով և շնորհավորելով համաժողովի մասնակիցներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը խորհրդանշական համարեց, որ այս տարի համաժողովի անցկացման օրը համընկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հիմնադրման օրվա հետ և շնորհավորեց կազմակերպությանը 70-ամյա հոբելյանի առթիվ:
«Մենք մեծապես կարևորում ենք գյուղատնտեսության դերը մեր երկրի տնտեսության կենսագործունեության, գյուղական համայնքների պահպանման և զարգացման, աղքատության հաղթահարման և որ ամենակարևորն է` երկրի պարենային անվտանգության ապահովման գործում»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարը նշեց, որ այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 97 տոկոսն ապահովվում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։ Իսկ 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ գյուղատնտեսությունն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` վարչապետը նկատեց, որ դրանց լուծման համար պահանջվում է պետական քաղաքականության նոր մոտեցումների կիրառում, օժանդակություն և ներդրումների ներգրավում:
ՀՀ-ում արդեն հինգերորդ տարին է, ինչ հոկտեմբերի երրորդ կիրակին պետականորեն նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել գյուղատնտեսության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով քաջառողջություն և բարեկեցություն», - եզրափակել է կառավարության ղեկավարը: