Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացրին «Հայկական ազգային երաժշտական գանձարան»-ը
КультураՀայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածուն մեկ ձայնադարանում է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 19-ին ներկայացվեց «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որում ներառված են ժողովրդական, հոգևոր և գործիքային երաժշտության նմուշներ:
««Մշակութային վերածնունդ» հիմնադրամը նախաձեռնել է տարբեր միջոցառումներ, որոնցից մեկը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրն է:
Մենք երկու տարում նորից ձայնագրել ենք Արևմտյան և Արևելյան Հայաստանի հարյուրավոր լավագույն երգերը: Այդ ամբողջը տեղադրել ենք համացանցում` armenianmusic.am կայքում:
Այստեղ տեղադրվում են ձայնագրված երգերը, նոտաները, բառերը, երգի մասին տեղեկատվությունը` հայերեն, անգլերեն, ռուսերեն»,- նշեց «Հայկական ազգային երաժշտակ ան գանձարան» նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու Արթուր Շահնազարյանը: Նա շեշտեց, որ աշխարհում ոչ մի ազգ չի արել նման մասշտաբի գործ:
«10 տարվա գործ է, բայց մենք երկու տարում ենք արել»,- ընդգծեց նա: Շահնազարյանը հավելեց նաև, որ հիմնադրամը հրատարակել է նաև ժողովածուներ, այդ թվում կոմիտասյան «Հազար ու մի խաղ»-ը»:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երբ նյութը տեղադրվում է իրենց կայքում, նաև աշխատանք է տարվում այն տարածելու առումով:
«Մենք ժողովրդին աղբյուր ենք տալիս, որտեղ նա կօգտվի իրեն պատկանող երաժշտությունից: Բազմիցս մեր հայրենակիցներից նամակ-խնդրանքներ եմ ստանում, որտեղ նրանք խնդրում են ինձնից ինչ-որ երգի բառեր, նոտաներ, հարցնում են, թե արդյոք այս կամ այն ստեղծագործությունը հայկական է, թե հայկական չէ: Կայքը ներառում է բոլոր հարցերի լուծումը»,- շեշտեց Արմեն Մարտիրոսյանը:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին: Հիմնադրամի նպատակն է աջակցել հայ մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունն արտերկրում, ստեղծել երգերի ժողովածուներ, թողարկել ձայնասկավառակներ, կազմակերպել միջոցառումներ, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնական ու դաստիարակչական նախագծեր, տպագրել մասնագիտական գրա կանություն՝ այսպիսով հայ երաժշտական արվեստը հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներին:
Առկա խնդրիների լուծման կարևորագույն ուղղություն համարելով կրթությունն ու դաստիարակությունը՝ նպատակային աշխատանք է իրականացվում հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը նոր սերնդին փոխանցելու, այն հասարակությանը հասանելի ու մատչելի դարձնելու համար:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է: Ծրագրի նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան: Ծրագրի շրջանակներում հայ ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող ստեղծագործությունների 500-ից ավելի նմուշներ ընդգրկվել են մեկ ձայնադարանում, որի մեջ ներառված են ժողովրդական, հոգևոր և գործիքային երաժշտության օրինակներ: