Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառմանը
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եռօրյա աշխատանքային այցով հոկտեմբերի 16-18-ին եղել է Նիդերլանդների Թագավորությունում, մասնակցել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի առաջին օրը նախարար Հակոբյանը հանդիպել է հայաշատ Ալմելոյի քաղաքապետ Յոն Հերմանս-Ֆլադբելդի հետ: ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակությամբ է արտահայտվել հայ համայնքի նկատմամբ քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի մասին: Իր հերթին քաղաքապետ Հերմանս-Ֆլադբելդը բարձր է գնահատել հայության մասնակցությունը Ալմելոյի հասարակական կյանքին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ալմելոյի հայությանը հուզող խնդիրների շուրջ:
Այնուհետև, նախարար Հակոբյանը ծաղկեպսակ է զետեղել Ալմելոյի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի առջև և հիշատակի եղևնու ծառ տնկել Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Օրվա վերջում Ալմելոյի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում Սփյուռքի նախարարը հանդիպել է Ալմելոյի հայ համայնքի հետ, նախարարության մեդալներով և պատվոգրերով պարգևատրել հայ համայնքի ներկայացուցիչներին և առանձնազրույց ունեցել Ալմելոյի համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հոկտեմբերի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հակոբյանը «Մայրենիի դեսպան» մեդալով է պարգևատրել «Կրթական հարթակի» հիմնադիրներ և ուսուցչական մեծ ավանդ ունեցած Մարտուն Էլբակյանին և Սվետա Աբրահամյանին, շնորհակալագրերով առանձնանշել համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցած կազմակերպություններին: Նախարարը ներկայացրել է Սփյուռքի նախարարության` հայապա հպանությանն ուղղված ծրագրերը, անդրադարձել Հայաստան-Սփյուռք գործակցության խնդիրներին և պատասխանել ներկաներին հուզող հարցերին:
Նույն օրը Ամստերդամում տեղի է ունեցել Հայ առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա են գտնվել նախարար Հակոբյանը, դեսպան Աղաջանյանը, հայկական, հոլանդական, ռուսական և ասորի եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախարար Հակոբյանն ընթերցել է ՀՀ Նախագահի ուղերձը և հանդես եկել ողջույնի խոսքով: Գերաշնորհ Տեր Տարոն եպիսկոպոս Ջերեջյանը ներկայացրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական նամակը, պարոնայք Ռենե Բեկյուսը և Օքսֆորդի համ ալսարանի պրոֆեսոր Թեո Ֆան Լինտը ներկայացրել են «Սուրբ Հոգի» եկեղեցու հիմնադրման և Ամստերդամի հայկական համայնքի ստեղծման ու զարգացման պատմությունները:
Այցի վերջին օրը ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Ամստերդամի Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոց, որից հետո «Սուրբ Հոգի» եկեղեցու սրահում հանդիպել հոլանդահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարին ուղեցկել է Նիդերլանդերում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: