Երևանում կտեղադրվի արցախյան ազատամարտում անհայտ կորածներին նվիրված հուշարձան
ОбществоՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նոր ղեկավար Կարոլին Դույեզին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից, տիկին Դույեզը նախարարին ներկայացրել է Հայաստանում իրենց գործունեության ուղղվածությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին աջակցության ցուցաբերումը, այդ թվում կարևորելով հատկապես՝ հոգեբանական աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածներին նվիրված հուշարձան կառուցելու մտահղացման ընթացքին, որն այսօր կյանքի է կոչվում Կարմիր Խաչի, Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության համատեղ ջանքերով:
Արդեն իսկ Երևանի ավագանին իր 2015 թ. մարտի 18-ի որոշմամբ համաձայնություն է տվել Երևանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող այգում արցախյան ազատամարտի ընթացքում անհայտ կորածներին նվիրված հուշարձան տեղադրելու համար։
Հուշարձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է, ճարտարապետը՝ Արտավազդ Թարխանյանը: