Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացի հետ հանդիպման ժամանակ Արամ Ա-ն ներկայացրել է ճգնաժամի լուծման իր տեսակետը
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Սիրիայում տիրող ընդհանուր իրավիճակի ու վերջին զարգացումների շուրջ տեղեկությունների և տեսակետների փոխանցումից հետո Վեհափառ Հայրապետը ներկայացրել է սիրիական հարցի խաղաղ լուծման իր պատկերացումը: Առաջին հերթին Նորին Սրբությունը շեշտել է սիրիական տագնապին քաղաքական լուծում տալու անհրաժեշտությունը` հիշեցնելով, որ նման տագնապներին մնայուն ու ամբողջական լուծում չի կարելի տալ միայն զինվորական միջամտությամբ: Քաղաքական լուծումը ենթ ադրում է քաղաքական գործընթաց` մասնակցությամբ խաղաղ լուծման հանձնառու բոլոր կողմերի: Նման գործընթացին կողմերը պետք է մասնակցեն առանց նախապայմանների, որովհետև վերջին խոսքը պատկանում է ժողովրդին: Ապա Նորին Սրբությունն դե Միստուրային առաջարկել է պատրաստել կողմերին նման հանձնառության մղող ու քաղաքական գործընթացի հստակ ուղղություն տվող քարտեզ` հատուկ ուղեգծով ու ժամանակացույցով:
Վեհափառ Հայրապետը ՄԱԿ-ի բանագնացին նաև հիշեցրել է, որ, բնականաբար, նման նախաձեռնության համար անհրաժեշտ է ունենալ միջազգային ու շրջանային ուժերի օրհնությունը: Շարունակելով իր տեսակետը` Նորին Սրբությունը նշել է, որ ծրագիրն ավելի հնարավոր կդառնա ընդհանուր զինադադարի և արտաքին ռազմական օժանդակությունների դադարեցման և շրջաններում ապահովության հաստատման դեպքում: Արամ Ա-ն առաջարկել է սկսել Հալեպից` նկատի ունենալով քաղաքի քրիստոնյա-իսլամ նկարագիրը և պատմական կարևորությունը:
ՄԱԿ-ի բանագնացը համաձայնել է Վեհափառի պատկերացումների և առաջարկների հետ, միաժամանակ իր մտահոգությունն է հայտնել որոշ կողմերի մոտեցման, ինչպես նաև արտաքին կողմերի հետապնդած նպատակների վերաբերյալ: Նա համաձայնել է, որ Հալեպը դառնա առաջին հանգրվանը Սիրիայի ճգնաժամը քաղաքական լուծման առաջնորդող գործընթացին: Դե Միստուրան նշել է, որ, դժբախտաբար, արտաքին որոշ կողմեր պատճառ են հանդիսացել, որ ամիսներ առաջ Հալեպի համար պատրաստած իր ծրագիրը ձախողվի:
Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ հայ համայնքը Սիրիայի կարևոր քրիստոնյա համայնքներից մեկն է: Նա անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել հայ համայնքի ու հատկապես Հալեպում նրա դիմագրաված դժվարությունների մասին: