Տնտեսական ակտիվության կախվածությունը գյուղատնտեսությունից ակնհայտ է
ЭкономикаՀայաստանում տնտեսական աճն այս տարի որոշակիորեն պայմանավորված է գյուղատնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներով։ Թերեւս պատահական չէ, որ այս ոլորտում վերջին երկու ամիսներին արձանագրվող աճի դանդաղումն ուղղակիորեն արտահայտվել է նաեւ տնտեսական ակտիվության վրա։
Վիճակագրական ծառայության անցած օրը հրապարակած տվյալների համաձայն, տարեվերջից երեք ամիս առաջ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 3,7 տոկոս։ Թեեւ տարեսկզբի ութ ամիսների համեմատ այն մի փոքր նահանջել է, այնուհանդերձ ձեւավորված լուրջ մարտահարվերների պայմաններում շարունակում է մնալ բավականաչափ բարձր։
Արձանագրված միտումների վրա բացասական ազդեցություն է թողել հատկապես գյուղատնտեսությունը։ Բարձր ակտիվությունը տնտեսության այս ճյուղում չնայած շարունակել է պահպանվել, այնուհանդերձ այն համեմատաբար զիջել է դիրքերը։
Եթե հուլիսին գյուղատնտեսության աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 15,6 տոկոս էր, օգոստոսին՝ 10,8 տոկոս, ապա սեպտեմբերին կազմել է 6,4 տոկոս։ Արդյունքում տարեսկզբի ինը ամիսների կտրվածքով տնտեսության այս ճյուղի աճը կազմել է 11,3 տոկոս։ Այն դեպքում, երբ յոթ ամիսներին հասել էր 14,8 տոկոսի։
Ի տարբերություն գյուղատնտեսության, ակտիվության միտումները պահպանվել են արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում։ Տարեսկզբի ինը ամիսների տվյալներով, արդյունաբերության աճը Հայաստանում կազմել է 4,8 տոկոս։ Այն 0,4 տոկոսով բարելավվել է, չնայած արտաքին միջավայրում ձեւավորված ոչ այնքան բարվոք իրավիճակին։ Սեպտեմբերին տնտեսության այս ճյուղի արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է գրեթե 5,6 տոկոսով։
Վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն, ինչպես օգոստոսը, այնպես էլ սեպտեմբերը բարենպաստ է եղել նաեւ էներգետիկայի համար։ Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 5,7 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել։ Դրա արդյունքում տարեսկզբի ինը ամիսներին տնտեսության այս ճյուղում գրանցվել է արտադրության ծավալների 3,8 տոկոս աճ։ Հիշեցնենք, որ յոթ ամիսներին այն կազմել էր 1,9, իսկ ութ ամիսներին՝ 3,5 տոկոս։
Դրական տեղաշարժեր են գրանցվել նաեւ ծառայությունների ոլորտում։ Ութ ամիսների 2,2 տոկոսի դիմաց ծառայությունների աճը հասել է 2,5 տոկոսի։
Զարգացումները հիմնականում նախորդ տարվա մակարդակին են մնացել շինարարության ոլորտում։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ