Երվանդ Զախարյանը ԳԴՀ դեսպանին է ներկայացրել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները
ЭкономикаՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 21-ին հյուրընկալել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Ինչպես հայտնեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ կառավարությանը Հայաստանի էներգետիկայի բնագավառում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում:
Դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը: