Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր
ЭкономикаՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն ՃշմարիտյանըՀոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ողջունելով նորանշանակ դեսպանին` էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ՀՀ և ԳԴՀ միջև ձևավորված են լավ հարաբերություններ, իսկ Գերմանիայի կառավարությունը մշտապես աջակցում է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը և ընդլայնմանը:
Մաթիաս Քիսլերը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպանը խնդրել է ներկայացնել համագործակցության համար առաջարկվող ոլորտները: Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների տարբեր ձևաչափով ներգրավման հնարավորությունը ներկայումս իրականացվող ենթակառուցվածքային այնպիսի խոշոր ծրագրերում, ինչպիսիք են` Իրան-Հայաստան երկաթգծի, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը և էներգետիկայի բնագավառի այլ ծրագրեր: Նախարարն առաջարկել է երկկողմ հետաքրքրությ ուն ներկայացնող բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով հաջորդ տարվա ընթացքում կազմակերպել ոլորտային գործարար համաժողովներ:
Մաթիաս Քիսլերը հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ նախատեսվող բանակցությունների ընթացքով: Կարեն Ճշմարիտյանը ասել է, որ Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, հաշվի առնելով ԵԱՏՄ և ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարներն ու տնտտեսական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: