Պատժի նպատակը անձին ուղղելը, վերադաստիարակելն ու կրկին հասարակություն վերադարձնելն է. Տ.Սարգսյան
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ այսօր ծանր հիվանդությունների հիմքով ազատություն ստացավ 21-րդ տարին անազատության մեջ գտնվող, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանը:
Կատարված հանցագործության համար անձին պատժի ենթարկելու վերաբերյալ եւ դրանից բխող հետեւանքների մասին Orer.am-ը զրուցեց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ:
«Պատժի նպատակն անձին ուղղելը, վերադաստիարակելն ու կրկին հասարակություն վերադարձնելն է: Պատիժ կրող անձը պետք է ունենա այն զգացողությունը, որ նշանակված պատիժն արդար է: Այս պարագայում պատիժ նշանակող դատարանը կամ պատիժ միջնորդող դատախազը պետք է միջնորդությունն այնպես ներկայացնեն, որ դատապարտյալի մոտ պատժին հակադրվելու ցանկություն չառաջանա:
Կարեւորն այն է, որ անգամ եթե դատապարտյալը արտաքուստ առարկի, միեւնույնն է, իր սխալը ներքուստ հասկանա ու ընդունի: Հանցագործություն կատարած անձը պետք է հասկանա նաեւ, որ դրական վարքագիծ դրսեւորելու դեպքում պատիժը կարող է վերանայվել:
Եթե մենք գործ ունենք ցմահ դատապարտյալների հետ, ապա պետք է խթանենք, որպեսզի նրանք կանգնեն ուղղվելու ճանապարհին: Այս պարագայում շատ կարեւոր է ցմահ դատապարտյալների գործերի վերանայումը: Անգամ եթե հարցը դիտարկենք 7-8 տարի դատապարտվածների կտրվածքով, ապա միեւնույն է, կարեւորն այն է, որ դատապարտյալը հասկանա, որ դրական վարք դրսեւորելու դեպքում հնարավորություն կունենա ավելի շուտ ազատություն ձեռք բերել, օրենսդրությունը դրա համար նախատեսում է հիմքեր:
Եթե դատարանը համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա գտնում, է որ տվյալ անձն ուղղվել է եւ նա այլեւս վտանգավոր չէ հասարակության համար, այսինքն՝ պատժի նպատակներն իրականացել են, այս դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել անձին վաղաժամկետ պատժի կրումից ազատելու մասին»,- նշեց իրավաբանը:
Տ.Սարգսյանը կարծում է, որ եթե դրական վարք դրսեւորելու դեպքում դատապարտյալներին ազատ արձակելը պրակտիկայում ավելի հաճախ կիրառվի, ապա դատապարտյալներն ավելին շահագրգռված կլինեն դրական վարք դրսեւորել, իսկ ազատազրկման վայրերում ավելի դրական մթնոլորտ կտիրի: Դեպի ազատություն ձգտման ճանապարհին կարեւոր հանգամանք է համարվում նաեւ դատապարտյալ-հարազատ կապի պահպանումը:
«Դատապարտյալը հնարավորինս պետք է կապ պահի իր հարազատների հետ տեսակցությունների, հեռախոսակցությունների ձեւով: Վերջին հաշվով, եթե մարդ ազատության մեջ ունի իրեն սիրող հարազատներ, ապա նրա ձգտումը ազատության մեջ գտնվելու հետ կապված ավելի է կրկնապատկվում, ինչն էլ նշանակում է, որ նա հակված է ավելի օրինապահ լինել:
Եթե մենք ավելի խիստ ռեժիմ ենք նախատեսում՝ տեսակցություններն ենք կրճատում, թույլ չենք տալիս հարազատների հետ հեռախոսակապով շփվել, մարդը կտրվում է իր ընտանիքից ու հարազատներից, ինչի հետևանքով էլ ազատազրկման վայրում պատիժ կրողները դառնում են տվյալ անձի ընտանիքը, իսկ սրանից հետո հասարակություն վերադառնալը տվյալ անձի համար դառնում է պրոբլեմատիկ եւ նա չի կարողանում իր տեղը գտնել հասարակությունում»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան