Զոհրաբ Թադևոսյանը և Սոֆյա Մելիքյանը խաչատրյանական փառատոնին քիչ կատարվող գործեր են ներկայացրել
КультураԱրամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին կազմակերպված կամերային համերգի ընթացքում հանդես են եկելդաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը (ԱՄՆ) և ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը (Հայաստան/Իսպանիա), ովքեր ապրում և ստեղծագործում են արտասահմանում՝ ամբողջ աշխարհին ներկայացնելով հայ կատարողական արվեստի նվաճումները։
Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, կամերային համերգի ընթացքում հնչել են Ֆրանց Շուբերտի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր, Ֆանտազիա ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր), Ռիխարդ Շտրաուսի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր) ստեղծագործությունները։
Սոֆյա Մելիքյանն ու Զոհրաբ Թադևոսյանը ծանոթ են վաղուց, երկուսն էլ ուսանել են Իսպանիայում, սակայն համագործակցում են առաջին անգամ։
Զոհրաբը նշել է, որ Սոֆյայի հետ ծրագիրն ընտրելիս որոշել են նվագել գործեր, որոնք Հայաստանում քիչ են ներկայացվում։ Ջութակահարը նկատել է, որ իր ստեղծագործական կյանքում առաջնորդվում է մի սկզբունքով՝ ընտրել քիչ կատարվող գործեր:
«Միշտ փորձում եմ հանդիսատեսին հասցնել նոր ստեղծագործություններ, որպեսզի մարդիկ ճանաչեն, երաժշտական աշխարհայացքն ավելի լայն լինի»,- հավելել է նա։
Զոհրաբ Թադևոսյանը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 14 տարի առաջ։ Նա շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սմբատյանին, ով առաջարկել է իրեն հանդես գալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։ Երաժիշտը նաև նշել է, որ շատ զարմացած է, որ Հայաստանում այսօրվա դժվարին պայմաններում ամենաբարձր մակարդակով կազմակերպվում է նման փառատոն։
Զոհրաբ Թադևոսյանը հաջողությամբ համատեղում է մենակատարի և կամերային երաժշտի կարիերան։ 2003-ից Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ է։ Իր ժամանակի մեծ մասը Զոհրաբ Թադևոսյանը տրամադրում է մանկավարժությանը, նա պարբերաբար հրավիրվում է խոշոր փառատոների և վարպետության դասերի։ 2010 թվականից Թադևոսյանը Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի դոցենտ է՝ աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Անա Չումաչենկոյի հետ։ Բացի այդ, 2013-ից նա Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է։
Դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը բնակվում է Նյու Յորքում, սովորել է Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, Փարիզի Ecole Normale de Musique Alfred Cortot կոնսերվատորիայում և Մանհեթանի Երաժշտության դպրոցում։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում։
Սոֆյա Մելիքյանը բարձր է գնահատել Խաչատրյանի անվան փառատոնի անցկացումը։ Դաշնակահարուհին նշել է, որ տեսնելով փառատոնի ծրագիրը, մենակատարներին, հյուրերին՝ զարմացել է՝ տեսնելով այդպիսի բովանդակություն։
Նա նաև նշել է, որ երեկոյին կատարված գործերն իր երկացանկում նոր էին, և փառատոնին մասնակցելը, Զոհրաբ Թադևոսյանի հետ համագործակցելն առիթ էին երկացանկն ընդլայնելու։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: